Վարչապետի աշխատակազմին գումար կհատկացվի արբիտրաժային վեճի շրջանակում ՀՀ շահերը պաշտպանելու գործընթացն ապահովելու համար

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Ըստ նախագծի՝ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No. ARB/18/28 արբիտրաժային վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու գործընթացի ապահովմամբ: Մասնավորապես, վերոնշյալ արբիտրաժային վեճի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ ARB/18/28-2 պայմանագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1736-Ա որոշմամբ՝ պայմանագրի մասով որպես պատվիրատու է սահմանվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

Որոշման ընդունումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ընկերության միջև բանակցություններ են ընթացել պայմանագրով սահմանված էական պայման հանդիսացող մի շարք դրույթների առնչությամբ, որոնք ամրագրվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրում։ Ի թիվս այլնի` որոշվել է մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել ըստ համաձայնեցրած ժամանակացույցի։

Ըստ եռակողմ համաձայնագրի՝ նախատեսվում է «Baker&McKenzie LLP» ընկերության կողմից մատուցվելիք ծառայությունների դիմաց 2020 թ. ընթացքում ապահովել շուրջ 412,500 ԱՄՆ դոլարի չափով վճարում (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։ Հաշվի առնելով համաձայնագրի հիման վրա կողմերի կողմից հաստատված վճարման ժամանակացույցը՝ 2020 թ. ընթացքում ընկերության կողմից փաստացի մատուցված ծառայությունների համար վճարումները ժամանակին ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել ընդհանուր 412,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։

Մեկ այլ որոշումով էլ՝ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Իրավաբանական-փաստաբանական ծառայությունների գնման անհրաժեշտությունը պայմանավորված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (նախկինում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության) և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW01 պայմանագրի շրջանակներում իսպանական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության և պատշաճ պաշտպանության ապահովմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2020 թ. ընթացքում վճարումները ժամանակին ապահովելու նպատակով հատկացնել 420 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։