ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. վարչապետ

Միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են հարյուր հազարը, իսկ ընդհանուր վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը: Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ երկրները, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ «Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակներ կրելը, այդ թվում` բաց տարածքներում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Հայաստանում համավարակի տվյալները, ըստ որի` երեկ կորոնավիրուսային վարակի 526 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 535-ի, այլ պատճառներով մահվան դեպքերը 170 են, ասաց. «Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի»,-ասաց նա։

Անդրադառնալով պարետատան երեկվա որոշմանը, որով մի շարք հիվանդություններ ունեցող անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չկրել, վարչապետն ասաց. «Հայտնի շրջանակները փորձում են տուգանքների հետ կապված շահարկումներ անել։ Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, ու այս ճանապարհին մենք հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, ու մեր նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ մեր այն հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել տուգանքից խուսափելը, այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ դնեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»: