ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին դատավորների դիմումի վերաբերյալ հարցադրումներ է արել կառավարությանը, մենք պատասխանել ենք․ ՄԻԵԴ որոշումն ակնկալվում է այս շաբաթ. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ կառավարությունը ստացել էր ՍԴ նախկին դատավորների և Հրայր Թովմասյանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումը, նրանք ՄԻԵԴ-ից պահանջել են կիրառել ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել էր որոշակի հարցեր, ՀՀ կառավարությունը արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, ՄԻԵԴ որոշումը ակնկալվում է այս շաբաթ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ առաջին օրերին որոշում է կայացվելու ընդամենը հայցի ապահովման միջոցի վերաբերյալ, նա պատասխանեց. «Այո, բայց այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե կայացնելու է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում, այլ Դատարանը կարող է կա՛մ մերժել դիմումատուների խնդրանքը և չկայացնել որոշում, կա՛մ Դատարանն ազատ է ձևակերպելու միջոցի բովանդակությունը կամ միջոցի էությունը: Այսինքն՝ դիմումատուների պահանջը չի պարտադրում Դատարանին՝ հենց այդ ձևով կայացնել որոշումը:  Շատ են եղել դեպքեր, երբ դիմումատուն որոշակի միջոց է պահանջել, սակայն Դատարանը, հաշվի առնելով կառավարության դիրքորոշումը, փաստարկները դրանց հիման վրա է կայացնում որոշումը, որը բխում է օբյեկտիվ իրականությունից»:

Հարցին՝ ունի՞ ՄԻԵԴ-ը այդպիսի գործիքակազմ պարտադրելու ՀՀ կառավարությանը որպես հայցի ապահովման միջոց ժամանակավորապես չկիրառել ՍԴ փոփոխությունները, Կիրակոսյանն ասաց. «Չեմ կարծում, թե նման կերպով կզարգանան իրադարձությունները: Չեմ կարծում, թե Դատարանը նման իրավասություններ ունի, քիչ հավանական եմ համարում նմանատիպ որոշման կայացումը»:

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ այս հարցի մասով որոշումը կայացնելուց հետո նոր է ՄԻԵԴ-ը սկսելու քննել՝ խախտվե՞լ են Հրայր Թովմասյանի և մյուսների իրավունքները, թե՝ ոչ: «Տարբեր պրոցեսներ են, բուն գործի քննությունը՝ արդյոք դիմումատուների կողմից ներկայացված փաստարկներն առ այն, որ խախտվել են իրենց իրավունքները, դա արդեն դատարանը կքննի, երբ ժամանակը գա, նաև կառավարությունը պետք է ներակայցնի իր դիրքորոշումն այդ փաստարկների առնչությամբ»,- նշեց նա:

Հարցին՝ եթե ՄԻԵԴ-ը որոշի, որ նրանց իրավունքները խախտվել են, սա ի՞նչ կարող է նշանակել, կարո՞ղ են նրանք վերականգնվել աշխատանքի, Կիրակոսյանը պատասխանեց. «Չեմ ուզում առաջ անցնել և ինչ-որ գնահատականներ տալ հետագա պրոցեսների մասին, բայց այն նախադեպերը, որոնք առկա են նմանատիպ իրավիճակներում, Դատարանի կողմից գործերի քննության ժամանակ թույլ չեն տալիս եզրակացնելու, որ նման իրավիճակ կարող է լինել: Եկեք կանխագուշակումներ չանենք»:

Ինչ վերաբերում է հարցին, որ եթե ՄԻԵԴ-ն ասի, որ ՀՀ կառավարությունը հաշվի չի նստել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի հետ, որ հեռացող դատավորներին անցումային ժամանակ տրամադրվի, ի՞նչ կլինի, նա արձագանքեց. «Այդ մասին էլ մենք ունեցել ենք ներկայացված փաստարկ: Կառավարության դիրքորոշման մեջ անդրադարձ կա նաև այդ հատվածի վերաբերյալ, որտեղ մենք նկարագրում ենք այն հանգամանքը, որ իրականում Վենետիկի հանձնաժողովի ներկայացված որոշմանը համահունչ է կատարվել պրոցեսը: Պետք է սպասել դատարանն ինչ կասի, ըստ այդմ` ավելի առարկայական կխոսենք»: