Դատարանը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով Վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Դատավոր Մխիթար Պապոյանը, լսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների և դատախազության բողոքները, հեռացավ որոշում կայացնելու։

Դատական նիստին Ծառուկյանը չէր մասնակցում, հիշեցնենք, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանկացել, որ նիստերը հետաձգվեն, ուստի խնդրել է, որ դրանք անցկացվեն առանց իր մասնակցության:

Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 8-ին: «Բոլոր բողոքները մանրամասն քննության առարկա են դարձել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու պահանջում է կալանավորել Ծառուկյանին: Վերջիններիս պաշտպանները ևս բողոքարկել էին դատարանի որոշումը՝ կապված հիմնավոր կասկածի և դատական ակտում տեղ գտած ձևակերպումների հետ:

«Ես ուզում եմ իրազեկել, որ մեր բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը, ավելին՝ վերաբերում էր վարույթի իրավաչափությանը»,- ասաց Դիլբանդյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց հունիսի 16-ին: