Եթե որևէ քաղաքացի ունի հակամարմիններ, դա դեռ նրան իրավունք չպետք է վերապահի չկրել դիմակ, չպահպանել սոցիալական հեռավորություն, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի. նախարար

Կորոնավիրուսի հակամարմնի առկայությունը անձին իրավունք չի վերապահում չկրել դիմակ, չպահել սոցիալական հեռավորություն: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում LIVEnews.am-ի լրագրողի՝ հակամարմինների թեստերի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նման հետազոտությունները կարող են կրել միայն այնպիսի բնույթ, որ եզրակացություն տան, թե ազգաբնակչության ո՞ր տոկոսի մոտ են առկա հակամարմիններ: Բայց դա անձի մակարդակով վարքագիծ փոխելու հիմք չի կարող հանդիսանալ: Եթե որևէ քաղաքացի ունի հակամարմիններ, դա դեռ նրան իրավունք չպետք է վերապահի չկրել դիմակ, չպահպանել սոցիալական հեռավորություն, քանի դեռ չկա ապացույց, որ նա կրկին չի վարակվի: Չկա նաև իր մոտ եղած հակամարմինների առկայության երկարատևության ապացույց: Այսօր եղած հակամարմինները, ինչպես շատ հիվանդությունների ժամանակ, կարող են ընդամենը մի քանի ամիս լինել բավարար մակարդակի վրա, հետո իջնել և վերանալ, և մարդը նորից հիվանդանա»,-նախազգուշացրեց Թորոսյանը:

Հակամարմինների հետազոտությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում հիվանդացած և լավացած քաղաքացիների մոտավոր տոկոսը: Հետազոտությունները երբեմն արձանագրել են, որ քաղաքացիների օրգանիզմում բավարար հակամարմիններ չեն առաջացել հիվանդանալուց և լավանալուց հետո։ «Հետևաբար, պետությունը չի կարող իր քաղաքականությունը մշակելիս հիմնվել նման հետազոտությունների վրա, և անձն էլ չի կարող և չպետք է վարքագծային փոփոխություն կատարի՝ ունենալով հակամարմիններ,- ընդգծեց նախարարը և ասաց, որ սրանից ելնելով, պետական մակարդակով որևէ այլ գործընթաց, քան հետազոտություն անելն է, չի սկսվելու:-Իսկ նման հետազոտություն այս պահին արվում է մեր գործընկեր Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից, որպեսզի պարզվի, թե բուժաշխատողների մոտ ինչ տոկոս կա: Դրան հաջորդելու է ազգաբնակչության շրջանում հետազոտությունը, որը շատ մեծ նշանակություն չի ունենալու քաղաքականության մշակման համար»:

Թորոսյանը նաև նշեց, որ Հայաստանում հիմա կան հակամարմինների՝ բավականին բարձրորակ վճարովի թեստեր: