Տուգանքների ավելացումը ավելի կխորացնի երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար վիճակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը, որի հետ խոսեցինք այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նոր նախագծին, ըստ որի խստացվում են դիմակ կրելու պահանջները խախտելու պայմանները:

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում դիմակ կրելու պահանջները քաղաքացիների խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաներ սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) և հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով: Նախատեսվում է սահմանել նաև վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:

Արթուր Նարինյանը այդ նախագիծը ոչ օրինաչափ որակեց և ասաց, որ դա այս սոցիալ-տնետսական պայմաններում ՀՀ քաղաքացիներին հարստահարելու նախաձեռնություն է, ոչ ավելին։

Իրավաբանը ներկայացրեց նաև Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում աշխատողների իրավունքների համատարած ոտնահարումներից, որոնց պատճառներից մեկն էլ գործատուներին պետական աջակցություն չցուցաբերելն է, այսինքն՝ պետությունը տնտեսվարողներին չազատեց հարկային պարտավորություններից և դրանով հանդերձ նրանց պարտավորեցրեց աշխատակիցներին աշխատավարձեր վճարել։ Գործատուները պարտադրված օրենքի խախտումով կրճատել են շատ աշխատակիցների՝ առանց նախապես տեղեկացնելու այդ մասին և առանց օրենքով նախատեսված գումարները վճարելու։

Մանրամասները՝ տեսանյութում