Թորոսյանն անդրադարձավ ռեստորաններ չգնալու իր կոչին

Նույնիսկ փողոցում քայլելը և այլ մարդկանց կողքով անցնելն ունի կորոնավիրուսով վարակվելու ռիսկ, բայց այն ցածր է։ Այդ ռիսկը բարձր է ռեստորաններում, հանրային սննդի վայրերում, քանի որ սնունդ ընդունելիս մարդիկ դիմակ չեն կրում։ Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թե ինչու թիմակից պատգամավորները չեն հետևում իր կոչին, Թորոսյանն ասաց, որ ամեն մարդ ազատ է իր ժամանակը տնօրինել ըստ կանոնների, որոնք չեն արգելում այդպիսի տեղեր այցելելը։ Բայց նախարարը կրկնում է իր կոչը, որ մարդիկ խուսափեն այդպիսի վայրեր այցելելուց։

«Կյանքը Հայաստանում շարունակվում է և չի կարող չշարունակվել, սակայն սահմանված կանոնները նույնիսկ իրենց մեջ ինչ-որ չափի ռիսկեր են պարունակում, որովհետև նույնիսկ փողոցում անցնելը և դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելն իր մեջ նույնպես ռիսկ է պարունակում։ Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են։ Այդ պատճառով էլ ես, որպես մեծ ռիսկայնություն պարունակող վարքագիծ, նման բան էի ասել, սակայն մարդիկ իրենք են որոշում իրենց քայլերը։ Իմ պարտքն եմ համարել ռիսկայնության աստիճանը նշել և շարունակում եմ նշել։ Ըստ ռիսկայնության, բաց բերանով, օրինակ, երգեցողությունն ամենամեծ ռիսկային գործողության տեսակներից է»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը։