Սպիտակ տունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից տասնամյակներ արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը․ The Washington Post (տեսանյութ)

Ամերիկյան հեղինակավոր  The Washington Post պարբերականն անդրադարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանիի՝ հուլիսի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հրապարակային կիրառմանը: ՄաքԷնանին հայտնել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։
Պարբերականը նկատում է, որ մամուլի քարտուղարի շուրթերից հնչած եզրույթը կարևոր է այն առումով, որ ԱՄՆ կառավարությունը տասնամյակներ շարունակ հրաժարվում է ճանաչել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերը:
«Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»,- գրում է հոդվածագիր Աարոն Բլեյքը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ վարվող ժխտողական քաղաքականության ֆոնին Սպիտակ տունը, թեև ոչ կանխամտածված, բայց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը։
Հեղինակը նկատում է, որ ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղարը Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճշգրիտ անունով»։
«Թվում է, թե ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը վառ է պահում մարդկության դեմ բոլոր հանցագործությունների, ներառյալ՝ ստրկության զոհերի հիշատակը, վանդալիզմի է ենթարկվում»,-ասել է ՄաքԷնանին՝ անդրադառնալով Կապիտոլիումի մոտ գտնվող և շաբաթներ առաջ ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ռասայական խտրականության ֆոնին սկսված զանգվածային ցույցերի ընթացքում վանդալիզմի ենթարկված Հայոց ցեղասպանության հուշարձանին։
Հոդվածում նաև ասվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը «անախորժ իրավիճակ ստեղծեցին ներկայիս վարչակազմի համար, որը, ինչպես իր նախորդները, ակնհայտորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից»։
Հեղինակը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ իր ռազմավարական դաշինքի պատճառով։
Մեջբերելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերն առ այն, որ «Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առումով իսկապես ռիսկային է»՝ հոդվածագիրը նշում է, որ «Սպիտակ տունը վստահաբար կպնդի, որ ՄաքԷնանին պարզապես հուշարձանն անվանել է իր անունով», սակայն այս դեպքը, միևնույն է, իրադարձային էր, քանի որ երկար տարիներ Սպիտակ տան պաշտոնական շուրթերից այդ եզրույթի կիրառումն արգելված է եղել։

Աղբյուրը՝ Թերթ.ամ