Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է․ Զոհրաբ Մնացականյան

2020 թ. հունվարին Ժնևի հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքները: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։

Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն:
Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց։
Այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։ Վերջին մեր հանդիպումը կայացավ 2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ»,-ասել է նախարարը:

Դիտարկմանը, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հանդարտ ժամանակն օգտագործել են առաջնագծում դիրքերն ամրապնդելու համար, և հիմա պատրաստ են, Մնացականյանն ասաց. «Սա արտահայտում է հռետորաբանությունը, և մենք անդրադարձել ենք այս հարցին։ Հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։

Հայկական կողմերը նույնպես պատրաստ են և ամբողջ ներուժով իրենց աշխատանքները իրականացնում են պաշտպանությունը ամրապնդելու առումով: Սա շարունակական ու մշտական գործընթաց է: Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»:

Հարցին, թե արդյոք չե՞ն փոխվել Երևանի պլանները՝ Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը վերականգնելու առումով, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Սա մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է, և ամենից բացի դա պրակտիկ հարց է։ Եթե մենք իրապես կենտրոնանում ենք արդյունավետ բանակցային խաղաղ գործընթացի վրա, ուղղակի արդյունավետությունն ապահովելու առումով այս գործառույթի իրականացումը, Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիվ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար»: