Մահացել է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն (տեսանյութ)

Իտալիայում 91 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Օրեր առաջ նա կոտրել էր ազդրը. կոտրվածքից առաջացած բարդացումների հետևանքով Մորիկոնեն երկուշաբթի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում կնքել է իր մահկանացուն:

Էնիո Մորիկոնեն ծնվել է Հռոմում, երաժիշտների ընտանիքում։ Որպես ստեղծագործող՝ սկզբում հանդես է եկել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, ավելի ուշ սկսել է թատրոնում աշխատել։ 1950-ական թվականներին սկսել է ռադիոյի և հեռուստաընկերության համար հայտնի երգեր վերադաշնակել։ 1966-ական թվականներից արդեն սկսել է ֆիլմերի համար երաժշտություն գրել։

Մորիկոնեին մեծ ճանաչում է բերել իր նախկին համադասարանցի Սերջո Լեոնի հետ  «Սպագետտի վեստթերն» ֆիլմի վրա աշխատելու, իսկ ավելի ուշ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի հետ համագործակցության շնորհիվ։

Կոմպոզիտորն առավել հայտնի է որպես կինոերաժշտության հեղինակ: Նա երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարների և հեռուստասերիալների համար:

Մորիկոնեն համագործակցել է Ռոման Պոլանսկու, Օլիվեր Սթոունի, Բրայան դե Պալմայի, Քվենտին Տարանտինոյի և այլ աստղերի հետ։  «Անձեռնխելիները» ֆիլմի համար նա 1988 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Մորիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, 9 անգամ դարձել է իտալական «Դավիդ դը Դոնատելո» կինոփառատոնի դափնեկիր, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս», 6 անգամ՝ BAFTA մրցանակների։