ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները և միանձնյա որոշում է կայացրել․ «Հրապարակ»

Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ «Հրապարակ» թերթը  խնդրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը և ներկայացնել իրենց դիրքորոշումը։

Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

— Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի միջոցով ստացել է ԿԳՄՍ նախարարության փոխանցած հանրակրթության չափորոշիչի նախագիծը։ Փաստաթուղթը ծավալուն է, որի շուրջ Մայր Աթոռի կառույցներում քննարկումները շարունակվում են, արդյունքում կձևավորվի ու հանրությանը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի և Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը։ Որոշակի մտահոգություններ առկա են, կան նաև պարզաբանման կարոտ հարցեր։

Հարկ եմ համարում նշել, որ չափորոշիչի պատրաստման և քննարկման գործընթացում տարօրինակ կողմեր են նկատելի՝ առնչված Հայոց եկեղեցու ներգրավվածությանը, անհասկանալի պատճառներով փորձեր են կատարվում այլափոխելու իրողությունները։ Համաձայն 2019 թ․ հունիսի 17-ին պետական հանձնախմբի կրթական հարցերով ենթահանձնախմբի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ եկեղեցու ներկայացուցիչը պետք է ընդգրկված լիներ չափորոշչի պատրաստման ողջ գործընթացում։ Մեր ժողովրդի կրթության և դաստիարակության ոլորտում եկեղեցին իր 1700-ամյա ինստիտուցիոնալ անուրանալի հարուստ փորձառությամբ առաջարկել էր օգտակարություն բերել կրթական բարեփոխումների գործընթացում, ինչը, ըստ էության, ընդունվել էր պետական պատկան մարմնի կողմից։ Սակայն մեր ներկայացուցիչն ընդամենը հրավիրվել էր հունիսի 11-ին՝ մասնակցելու վերջին փակ քննարկմանը, 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կրթության փորձագետների հետ միասին, որի ընթացքում ներկայացվել են փաստաթուղթը և դրա հետ առնչված հայեցակարգը։ Ընկալելի է, որ այս ձեւաչափում, երբ յուրաքանչյուր մասնակցի դիտարկման համար 2-3 րոպե է հատկացվում, հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննարկում, առավել ևս՝ ինչ-ինչ խնդիրների բարձրաձայնում, ինչի պատճառով էլ Հայր Զաքարիայի կողմից դիմում է ներկայացվել՝ Մայր Աթոռին տրամադրելու նախագծի օրինակը։ Ի դեպ, Մայր Աթոռին տրամադրված օրինակը և օրեր անց հանրայնացված փաստաթուղթը տարբերվել են միմյանցից։

Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։

— Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի կողմից տրված մի շարք հարցազրույցների հետքերով լայնորեն քննարկվում է իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում հանրակրթական դպրոցի առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման պարագան։ Ողջ այս գործընթացի և եկեղեցուն հասցեագրված մի շարք արտահայտությունների կապակցությամբ ցանկանում եմ տարակուսանք հայտնել։ Շարունակ հնչող հայտարարություններով, որ նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, իբրև թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձևավորման հարցում։ Այնինչ շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի և այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետև նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները և փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի և ՀՀ վարչապետի սահմանած ձևաչափում։ Թերևս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլևս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի,  «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության և լայն քննարկման։

Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը և ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսևորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։ Միևնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձևավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։

Ի վերջո, այս առարկայի նպատակը նախ մեր ժողովրդի շահն է, մեր հայրենաբնակ ժողովրդի մեծամասնություն հանդիսացող եկեղեցու զավակների, նախարարության պաշտոնեության, աշխատակիցների ու նրանց զավակների շահը, նաեւ այս առարկայի միջոցով երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երաշխավորությունը, որ նոր սերունդը հասակ է առնում իբրև իրազեկ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ ամուր, արդի գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների իմացությամբ հարուստ, մերօրյա աշխարհի մարտահրավերների հորձանուտում՝ կառչած դարերի փորձություններ հաղթահարած իր արժեքային համակարգին։

Այս առումով ընկալելի է այն ընդվզումը, որն առաջացել է կատարված հայտարարությունների առնչությամբ։ Հայոց եկեղեցին այս հարցում պատասխանատվություն ունի։ Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց և լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, և այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաև ժողովուրդը։ Եկեղեցին երբևէ չի զլանում համագործակցության ոգի դրսևորել, առավել ևս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում և սփյուռքում բոլոր կարող հայորդիների և ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը։

Անձնապես իբրև ծնող, նաև երկար տարիների դասախոս՝ չեմ կարծում, որ հենց այս առարկան էր վնասակար մեր զավակների համար և ավելորդ՝ հանրակրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։ Տպավորությունս է, որ չափորոշիչը մշակվել է սոսկ այս նպատակով։ Այո՛, բոլորս մտահոգ ենք դպրոցի զարգացման համար։ Մնացյալը՝ պաշտոնական դիրքորոշմամբ։