«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին (լուսանկարներ). banak.info

«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումն իրեն կից գործարանով նորույթ է ստեղծում հայկական նորագույն տեխնոլոգիաների, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց արտադրության ոլորտում: Գործարանն այժմ զբաղվում է Կալաշնիկովի AK-103 ինքնաձիգի հավաքմամբ՝ օգտագործելով ռուսական պահեստամասեր, լրակազմ: Ինքնաձիգները շուտով կլինեն ՀՀ Զինված ուժերում նպաստելով ոչ միայն երկրի անվտագության ու ներուժի հզորացմանը, այլև՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը: Այս ամսին գրել է banak.info-ն:

«Գործարանում ինքնաձիգների հավաքմամբ զբաղվում են կադրային զինվորականներ, որոնք իրենց գործի գիտակներն են: Իսկ արտադրության հետ կապված՝ ապահովելով անհրաժեշտ քանակ երկրի ներսում գործառնելու համար, ապագայում նախատեսում ենք զբաղվել նաև արտահանմամբ՝ ընդգրկելով երրորդ երկիր»,- նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:

2007 թվականից՝ սեփականաշնորհումից հետո մեծ թափ են առնում գործարանի արտադրական բաժինները, իսկ 2018 թվականին Ռոյալս ինժիներինգ ընկերության և Կալաշնիկով կոնցեռնի միջև ընքվում է պայմանագիր, ինչն ամրապնդում է ընկերության արտադրական աշխատանքների շարունակականությունը:

Չնայած ընկերության բացումը տեղի կունենա շուտով, բայց այն հասցրել է իր ներդրումն ունենալ Զինված ուժերում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործում: Ընկերությունը Զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր: