Շուտով ԱՄՆ-ում 54 միլիոն մարդ ուտելու բան չեն ունենա, իսկ մեզ մոտ՝ Հայաստանո՞ւմ

Օրերս ամերիկյան «The Hill» ամսագիրը զարմացրել է և աշխարհին, և ամերիկացիներին իրենց հոդվածով, որում արձանագրում է, որ աշխարհի ամենահարուստ երկրում, պարզվում է, իրավիճակը աղետալի է. «ԱՄՆ-ում 54 միլիոն մարդ ուտելու բան չունի»: Մենք կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիների համար նույնպես օգտակար կլինի պարզել, թե ինչպես են դա հիմնավորում «The Hil» ամսագրի հեղինակները:

Ամերիկացի լրագրողների կարծիքով, պատճառը` Covid-19 վարակի տարածումն է: Կորոնավիրուսը կործանարար հետք է թողել ամբողջ Միացյալ Նահանգներում: Եթե ​​նայել օրինակ՝ Տեխաս նահանգին, ապա ստիպված ենք արձանագրել, որ այս նահանգի ողջ տարածքում նրա բնակիչները ստիպված են եղել հաշվի նստել համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների հետ: Իսկական քաղցը արագորեն տարածվել է ամբողջ նահանգում, իսկ Տեխասի տնտեսության կենսական նշանակության ոլորտները կտրուկ անկում են ապրել: Այս համավարակը առավել ուժգին հարված է հասցրել  անապահով ընտանիքներին, և բազմաթիվ գործազուրկ տեխասցիներ առաջին անգամ բախվել են պարենային անապահովության խնդրին: «Տեխասի մայրաքաղաք Հյուսթոնում սննդի բաշխման վայրերում մեքենաների երկար հերթերը ցույց են տալիս, որ այդ խնդիրը լայն տարածում ունի: Այս տնտեսական ցնցման մասշտաբներն ու ծավալը նույնիսկ ավելի մեծ տպավորություն են թողել, քան այն, ինչ տեսել է մեր համայնքը Հարվի փոթորիկի ժամանակ: Այն ժամանակ, երբ քաղաքները սկսում են վերաբացել, այս ծանր ժամանակներում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել,- գրում է «The Hill»-ը: – Ըստ Feeding America-ի կանխատեսումների՝ Տեխասը կարող է դառնալ պարենային անապահովության խնդրին հանդիպած երեխաների քանակով նահանգների հակառեյտինգի առաջատարը և կարող է զբաղեցնել յոթերորդ տեղը ընդհանուր պարենային անապահովություն մակարդակում՝ հաշվի առնելով այն, որ 5,8 միլիոն մարդ այստեղ գտնվում է ռիսկային խմբում»:

Նույնիսկ դժվար է ասել, թե որն է առավել զարմանալի այս տեղեկության մեջ`ԱՄՆ-ում տոտալ սովի բուն փաստը, թե այն, որ միայն 2020-ի ամռանը, այն էլ կորոնավիրուսի հետ կապված, ամերիկյան հասարակությունը որոշել է ընդունել, որ Ամերիկայում կան նույնքան սովի մատնվածներ, որքան օրինակ՝ Իսպանիայում և Պորտուգալիայում միասին վերցրած: Դա միայն Տեխասի կամ Հյուսթոնի խնդիր չէ: Ամերիկայի սննդային տվյալները նմանատիպ պատկեր են ներկայացնում ամբողջ երկրի համար: Համավարակից առաջ ամբողջ երկրում 37,2 միլիոն մարդ չեն ունեցել պարենային ապահովություն: «Ըստ կանխատեսումների՝ այդ ցուցանիշը աճելու է 17 միլիոնով՝ հասնելով 54 միլիոն մարդու, ովքեր համավարակի հետևանքով պարենային անբավարարություն են ապրում»,- անարգել կերպով արձանագրում է Միացյալ Նահանգների հիմնական խնդիրներից մեկը «The Hill» պարբերականը: Արդյունքում՝ Տեխաս նահանգի և Հյուսթոնի իշխանությունները, հասարակության հետ միասին, կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին միջոցներ ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար: «Հաջորդ դաշնային օգնության փաթեթում մենք խնդրում ենք Կոնգրեսին՝ ժամանակավորապես 15% ավելացնել հավելյալ պարենային նպաստները (SNAP): Քաղաքականության այս փոփոխությունը անհապաղ օգնություն կապահովի կարիքավորներին՝ մեր համայնքների ընտանիքներին օգնելով ուտելիք դնել սեղանին: Ոչ մի երեխա չպետք է սոված պառկի քնելու, և այս ժամանակավոր ավելացումը հսկայական քայլ է` երաշխավորելու, որ դա տեղի չի ունենա»,- ասվում է տեխասցիների հայտարարության մեջ:

Շեղենք ուշադրությունը Ամերիկայի Տեխաս նահանգից դեպի Հայաստան: Կներեք, բայց շուտով, և հենց այն պատճառով, որ իշխանությունները հայտարարել են «կորոնավիրուսի դեմ պայքարի» իրենց «միջոցների մասին», հայ ընտանիքների երեխաների շրջանում քաղցը կարող է դառնալ դառը իրականություն: Այս երեխաների ծնողները չեն աշխատում, և եթե նույնիսկ աշխատում են, ապա հաճախ ավելի քիչ են ստանում, քան նախկինում: Շատերն իշխանություններից ոչինչ չեն ստանում և այլն: Ժամանակն է, որ իշխանությունները պատասխանեն այն հարցին, թե ի՞նչ տարբերություն հայ բնակչության մի մասը մահանում է կորոնավիրուսային վարակի՞ց, եթե այդպիսին կա, թե` սովից: Սովը, որպես սոցիալական չարիք, ինչպես երևում է «The Hill» ամսագրի հոդվածից, չխնայեց նույնիսկ ամենահարուստ նահանգներից մեկը՝ Տեխասը: Հավատացեք՝ Հայաստանը Տեխասի համեմատ, կարող է ճանաչվել նույնիսկ որպես աղքատ երկիր: Բայց Տեխասում արդեն իսկ աղետ է, և մենք չենք էլ ուզում անգամ ենթադրել, թե աղետին որքան է մոտ մեր բազմաչարչար Հայաստանը…

Սերգեյ Շաքարյանց