ԱՄՆ-ը սխալ ճանապարհով է ընթանում. ԱՄՆ գլխավոր վարակաբան

ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին խիստ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվում՝ այն էլ ամիսներ տևած «լոքդաունի» պայմաններում:

Ինչպես նշում է The Hill-ը, Ֆաուչին նկատի է ունեցել մեկ օրում ավելի քան 50 000 նոր դեպքի գրանցումը:

Journal of the American Medical Association ամսագրի գլխավոր խմբագիր Հովարդ Բոչների հետ զրույցում  վարակաբանն ընդգծել է, որ այժմ վարակի տարածման հարցում առավել մեղավոր են երիտասարդները:

«Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ մենք ճիշտ ուղղությամբ չենք գնում: Մեզ անհրաժեշտ է գիտակցումն առ այն, որ կանոններին չենթարկվելու դեպքում, լուրջ դժվարությունների առաջ կկանգնենք»,- ասել է Ֆաուչին:

Նա հիշեցրել է, որ Արիզոնա, Կալիֆորնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգները դարձել են բռնկման նոր օջախներ, և վարակն սպառնում է տարածվել նաև այն նահանգներում, որտեղ իրավիճակն արդեն վերահսկելի է:

«Ամբողջ համակարգը ռիսկի է ենթարկվում»,- ասել է Ֆաուչին:

Նա նաև հավելել է, որ 2021 թ. դրությամբ իրենք, հավանաբար, կունենան պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ:

Նշենք, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի հաստատված (2 837 189) և մահվան դեպքերի (131 485) ցուցանիշներով աշխարհում առաջատար է: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփն այդ փաստը բացատրել էր զանգվածային թեստավորմամբ: