Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ-ը 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ Պալատին» եռամյա ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ ՀՀ աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։

Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում են այցելել Հայաստան, տեսակապով միացել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ՝ նշելու ծրագրի մեկնարկը։

«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված ՀՀ հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու Հաշվեքննիչ պալատին անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր», – նշել է Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող Ջին Դոդարոն:

«Որպես ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավար՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ամերիկացի մեր գործընկերներին՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար, հատկապես, նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին», – ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: