ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի նկատմամբ

ԱՄՆ Սենատում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ինչպես ենթադրվում է, պատասխանատվություն են կրում «Թալիբան» իսլամական արմատական շարժման հետ «դավադրություն» կազմելու համար։

DW պարբերականի փոխանցմամբ՝ միջազգային հարցերով սենատի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բոբ Մենդեսը կոչ է արել այս շաբաթ քննարկվող ռազմական ծախսերի մասին օրինագծում ներառել Պուտինի և Շոյգուի դեմ սահմանափակումների կիրառման հարցը։ Նա առաջարկել է սառեցնել ԱՄՆ-ում Պուտինի և Շոյգուի ակտիվները, ինչպես նաև արգելել նրանց մտնել ԱՄՆ տարածք։

Պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նույնպես անհրաժեշտ է համարում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Փելոսին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոնգրեսականների առաջարկը՝ ասելով, որ «Վաշինգտոնում այժմ շատ բաներ են տեղի ունենում, որոնք դժվար է բացատրել»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին The New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ, վկայակոչելով անանուն աղբյուրներ, նշում էր, որ Ռուսաստանը գաղտնի կերպով պարգևատրում է առաջարկել թալիբներին ԱՄՆ-ի զինվորականների սպանության համար։ Միևնույն ժամանակ, լրագրողները պնդում էին, որ Թրամփին հետախուզության այս տվյալների մասին հայտնել են դեռ 2020 թ. մարտին։

ՌԴ արտգործնախարարությունն այս հոդվածն անվանել է «ֆեյք», իսկ «Թալիբանը» հերքել է հոդվածում նշված տեղեկությունները։