Սպիտակի ԲԿ-ն միացել է COVID-19-ի դեմ պայքարին

Սպիտակի բժշկական կենտրոնը թթվածնով հագեցած 120 մահճակալով միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջե»,- գրել է Թորոսյանը:

Նշենք, Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 459 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 153 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 612-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 473 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 036, փաստացի բուժվողներինը՝  11 010 (մեկ օրում ավելացել է 110-ով): Մեկ օրում թեստավորվել է 2100 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 115 765 քաղաքացի: