Վաղվա աղմկոտ դատավարությունները

Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։

  1. Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վարչապետի նշանակմանը, մյուսը՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելուն, մեկ այլ գործ էլ կապված է Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակմանը։

Խոսքը վերաբերում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին, ում թիկունքում նաև արևմուտքն էր՝ ԱՄՆ-ն։ Բայց դա որևէ կերպ արգելք չի հանդիսանում գործող իշխանությունների համար նրա կողմից կարատված իրավախախտումները քննության առարկա դարձնելու համար։

Սա մի պարզ օրինակ է, որ իրենց աչքի առաջ պետք է ունենան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Լեգիտիմ լինելու ամպագորգոռ հայտարարությունները փրկություն չեն։ Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ Կլինեն դա յուրայինները՝ ինչը քիչ հավանական է, թե կլինեն նորերը՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննարկման և քննության առարկա չդառնալ։ Սա պետք է քաջ գիտակցեն նախագահ Արմեն Սարգսյանն ու զեկուցող, օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը, Աժ նախագահը, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ դրած մյուս պատգամավորները, և ի վերջո դրան կողմ քվեարկած 89-ը։

Քրեական գործերի քննությունն անխուսափելի է լինելու, որովհետև վստահ եմ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր իր մտքում նախագծի հակասահմանադրականության հետ կապված կասկածներ ունեցել է։ Կասկածներ ունեցել է նաև, թե ինչու է նախագիծը բարդվել ԱԺ- վրա։ Եվ ինչու կառավարությունը, որ նախաձեռնել էր գործընթացը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, մի պահից մի կողմ քաշվեց, ձեռքերը լվաց և ողջ պատասխանատվությունը թողեց ԱԺ ուսերին։

Զարմանալիորեն այս ամենից ֆորմալ առումով դուրս է մնում երկրի վարչապետը։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Նրանք են ընդունել պետականության դեմ ուղղված օրինագծեր, որոնց գնահատականները՝ քաղաքական և իրավական, անպայման տրվելու են, ոչ հեռավոր ապագայում դառնալու են քննության առարկա։ Բայց ոչ վարչապետը։ Որքան էլ նա լայվով, սոցցանցերում նախկին էնտուզիազմով ելույթներ ունենա՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել և այլն, պատասխանատուն նախագիծը ներկայացնողներն, ընդունողներն ու ստորագրողն է կամ ստորագրելու լիազորությունից փախչողը։

Քննության առարկա կդառնա նաև իմքայլական անհնազանդ պատգամավորի «Սև ցուցակ» կազմելու և դրանով իսկ իմքայլականներին ծառայություններ մատուցելուն հարկադրելու, իսկ վերջին օրերին՝ մատուցած ծառայություններին դիմաց «համաներում» շնորհելու հանգամանքը։ Այս մասին հրապարակումները առկա են մամուլում։

  1. Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին, հայտարարել էր. «…Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է…»:

Կրկին անգամ չկենտրոնանալով թվերի տրամաբանության և սխալների մեջ, դրանք առանձին և երկար քննարկման առարկա են, հիշեցնենք, որ աշխարհում տարբեր պետություններ քննում են իրենց երկրներում վիրուսի կառավարման, տարածման և մահերի հետ կապված խնդիրները։ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Թրամփն աշնանը ամենայն հավանականությամբ չի վերընտրվի և դարձյալ պատասխան կտա։

Բազմաթիվ պետություններ են գնում այս ճանապարհով։ Սա համաշխարհային տրենդն է. համավարակը տապալած բոլոր երկրների հասարակությունները բացատրություն են պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների կամ դատաիրավական հարթության մեջ։ Հնարավոր չէ հոսանքին հակառակ էֆեկտիվ լողալ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»