ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սբ Սոֆիայի տաճարը չդարձնել մզկիթ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն Թուրքիային կոչ է արել պահպանել  Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված  Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը։ Այս մասին գրել է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պահպանել Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը և ապահովել դրա հասանելիությունը բոլորի համար։ Դա ցույց կտա Թուրքիայի հարգանքը կրոնական ավանդույթների ու իր բազմաշերտ պատմության նկատմամբ»,- ասել է Փոմպեոն։

Փոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը գտնում է, որ տաճարի կարգավիճակի որևէ փոփոխություն կնսեմացնի այդ գերբնական շենքի ժառանգությունը ու կնվազեցնի, տարբեր հավատքների միջև կամուրջ դառնալով, մարդկանց ծառայելու հնարավորությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934 թ. որոշումը չեղարկելու հարցը։

Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել այսօր՝ հուլիսի 2-ին։

Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։