Ղազախստանում հուլիսի 5-ից երկշաբաթյա խիստ կարանտինային ռեժիմ կգործի

Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են հուլիսի 5-ից երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար երկշաբաթյա խիստ կարանտինային ռեժիմ սահմանել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստին»։

Երկրում դադարեցվելու է միջմարզային ավտոբուսների երթևեկությունը, քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի։ Զանգվածային միջոցառումների, փակ շուկաների, գեղեցկության սրահների, կինոթատրոնների և կրոնական օբյեկտների գործունեությունը նույնպես կասեցվելու է։

Ծրագրվում է այս ընթացքում երեք հոգուց ավելի քաղաքացիներին արգելել միասին քայլել փողոցներում, այգիներում և հրապարակներում, ինչպես նաև սահմանափակել 65 տարեկանից բարձր անձանց տեղաշարժը։ Աշխատակիցների 80 տոկոսի համար հեռավար աշխատանքային ռեժիմ կսահմանվի։

Հունիսի 29-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնյաներին հանձնարարել է խիստ կարանտինային ռեժիմի սահմանման համար առաջարկներ մշակել։ Նա քննադատել է պաշտոնյաներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առջև դրած առաջադրանքները չկատարելու համար և ստեղծված իրավիճակը համեմատել է պատերազմի հետ։

«Մենք պատերազմի մեջ ենք, որտեղ լիովին այլ կանոններ են գործում․․․Այստեղ ղեկավարման ամբողջովին այլ ոճ է անհրաժեշտ, իրապես հակաճգնաժամային ոճ»,- հայտարարել է նախագահը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 45,5 հազար դեպք, մահացել է 188 մարդ։