Վերահաստատվեց, որ Ծառուկյանն ընդհանրապես որևէ մեկի չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տա, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել. Երեմ Սարգսյան

Դատարանի որոշման մեջ շատ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը կվկայի, ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Եթե չկա նման տվյալ, որ ինքն անձամբ է արել, պետք է գա միջնորդավորված տարբերակ, որ Ծառուկյանը որևէ մեկին պետք է հանձնարարի, իմանա, որ նման բան է կատարվում, բայց բոլոր փաստական տվյաներով հաստատվել է, որ նույնիսկ այդ հանգամանքները չեն հաստատվում: Այն անձի ցուցմունքը, որը դատարան էր ներկայացվել՝ որպես հիմնավոր կասկածը հաստատող, ևս չի հաստատվել: Մենք պնդում էինք, որ այդ անձի հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը: Այդ ժամանակ առերեսում չկատարվեց, դրանից հետո կատարվեց, և ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Ծառուկյանն ընդհանրապես որևէ մեկի չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տա, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել»,-ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, թե միջնորդավորված օղակը, որը դրա մասին պետք է ասեր, առերեսման ժամանակ հստակ նշել է, որ Ծառուկյանն իրեն ընդամենն ասել է, որ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի Կենտրոնական գրասենյակ:

«Ցանկացած ընտրության ժամանակ անհրաժեշտ են ինչ-որ ընտրական ծախսեր, դրա համար կան ֆոնդեր, ինչի համար էլ ասել է՝ անհրաժեշտ ծախսերի համար դիմել գրասենյակ: Գրասենյակ դիմելն ու մնացած պրոցեսները չեն կարող ուղիղ կապել Ծառուկյանի հետ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց: