Նոր սպանդանոցների կառուցման համար կառավարությունը մինչև 4,8 մլն դրամ դրամաշնորհ կտա

Հայաստանում առկա է 23 գործող սպանդանոց, ու առաջիկայում կավելանա ևս 36-ով։ Բայց սա բավական չէ, որ բոլոր համայնքներից գոնե մինչև 30 կմ հեռավորության վրա լինի գոնե մեկ սպանդանոց։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա զեկուցեց մի նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է մինչև 4,8 միլիոն դրամ դրամաշնորհներ տալ այն տնտեսվարողներին, որոնք պատրաստ են նոր սպանդանոցներ կառուցել այն տեղերում, որտեղ առաջարկում է կառավարությունը։ Խաչատրյանը նշեց, որ այդպիսի 14 վայր են նախատեսում, որոնց լրացման դեպքում բոլոր համայնքների համար հասանելիություն կապահովվի։

Դրամաշնորհը տրվելու է լիզինգի մասին պայմանագրերի կանխավճարի 15 տոկոսային կետի չափով գումարի տեսքով, ու այդ գումարը կստանան այն տնտեսվարողները, որոնք ավելի քիչ գումարի համար կդիմեն։