Հայաստանը պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ է վարում երկու ուղղությունենրով. Թորոսյան

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռք բերման հնարավորության մասին:

Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխարհում արդեն հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որից 20 ավելի հավանական է, որ դառնան: «Նախնական առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղությունենրով: «Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում, Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է, ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»,-ասաց նախարարը:

Խոսելով վտանգներից՝ նա ասաց, որ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված ու նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021 թվականի սկզբում կամ վերջում: «Շատ կարևոր է, որ բանակցությունները սկսել հենց այսօրվանից, պետք է հետ չմնանք զարգացումներից»,-ասաց Թորոսյանը: