Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում է գտնվում մոտ 650 հիվանդ, արհեստական օդափոխության սարքերին միացված են 44-ը. Թորոսյան

Կառավարության այսօրվա նիստը նույնպես սկսվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի զեկույցով։ Նա ներկայացրեց կորոնավիուսային իրավիճակը մեր երկրում։

Թորոսյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք:  Առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները գործնականում լիքն են։ Նրա խոսքով՝ ամեն հաստատությունում 1-2 ազատ տեղ է լինում, որոնք լրացնելով՝ կարողանում են տեղավորել ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներին։

«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի, արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև, ևս մոտ 80 մարդ տարբեր հիվանդանոցներում սպասում է, որ տեղափոխվի այլ բժշկական կենտրոններ, որտեղ զբաղվում են կորոնավիրուսի բուժմամբ։

Ինչ վերաբերում է բժշկական կենտրոնների միանալուն, նա նշեց, որ այսօր գնալու է այդ բժշկական կենտրոններ՝ վիճակը գնահատելու համար։