Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնման են հասել գազի գնի հարցում. ՏԱՍՍ

Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

«Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը և (Վիկտոր) Կարանկևիչը, ներկա են գտնվել նաև դեսպանության մարդիկ, ինչպես նաև («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել է, ինչը հարկավոր է առաջ տանել և շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել է դիվանագետը:

Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել է գազի գինը նվազեցնել մինչև Սմոլենսկի մարզի մակարդակ: