Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Գերմանիայից 9,5 հազար զինծառայող դուրս բերելու պլանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Գերմանիայից  9,5 հազար զինծառայողների տեղափոխման պլանին՝ «Ռուսաստանին զսպելու համար», – ասել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:

«Պաշտպանության նախարարը (Մարկ Էսպեր) և Միավորված շտաբի պետը (Մարկ Միլլի) նախօրեին նախագահին տեղեկացրել են Գերմանիայից 9,5 հազար զինվորների տեղափոխման պլանների մասին: Առաջարկը, որը հաստատվել է, ոչ միայն համապատասխանում է նախագահի հրահանգին, այլև կուժեղացնի Ռուսաստանի զսպումը, վստահություն  կտա դաշնակիցներին, կբարելավի ԱՄՆ ռազմավարական և գործառնական ճկունությունը Եվրոպայում»,- ասված է Հոֆմանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր Գերմանիայում ամերիկյան զորքերի քանակը 34,5-ից հասցնել 25 հազարի, քանի որ Բեռլինը ուշացրել է ՆԱՏՕ-ի վճարումները: Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսավորել իր տարածքում ամերիկյան զորքերի ներկայությունը և առաջարկել է, որ Միացյալ Նահանգները մշտական ​​հիմունքներով այստեղ տեղակայի ամերիկյան զրահապատ ստորաբաժանում՝ ստանձնելով շուրջ 1,5-2 միլիարդ դոլարի ծախսերը: Ավելին, այս առաջարկը ներկայացվել է երկկողմ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան առաջարկել է բազան անվանել «Թրամփի ամրոց»: