Մեկնարկել է ամառային զորակոչը. զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ թեստավորվում են

Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը:

Դե ինչ, գալիք երկու ամսում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մյուսը երաժիշտ, երրորդը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Արժանապատիվ և բարի ծառայություն, տղանե´ր»,- գրել է Շուշան Ստեփանյանը: