Իրանում մահապատժի են դատապարտել Amad News նորությունների պորտալի ղեկավարին

Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության և հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, հունիսի 30-ին այդ մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել»,- մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իսմայիլին հավելել է, որ վճիռը վերջնական չէ, իսկ դա նշանակում է, որ կարող է բողոքարկվել:

Հոկտեսմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին:

Նա մեղադրվում է հակակառավարական գործունեության և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:

Զամը հայտնի է որպես իրանցի լրագրող և ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում էր արտասահմանյան երկրներից: Նրա մշտական բնակության վայրը համարվում էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել է 2017- 2018 թթ. Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ: