Հայաստանում, հետխորհրդային մի շարք երկրների համեմատ, իրականում բարձր է նաև COVID-19-ից մահացության ցուցանիշը. թվեր ու փաստեր

Թե ինչու Արսեն Թորոսյանը կարող է ունենալ COVID-19-ի պատճառով մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռություն

Իրականում, հետխորհրդային մի շարք երկրների համեմատ, ՀՀ-ում բարձր է նաև COVID-19-ից մահացության ցուցանիշը: Երբ ՀՀ առողջապահության նախարարությունը և պարետատունը գրեթե ամեն օր ներկայացնում են, թե պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, մենք այդ տեղեկատվությանն առնվազն կասկածով վերաբերվելու հիմքեր ունենք:

Ավելին. քանի որ SARS-CoV-2-ով վարակակիր ու մահացած անձանց դիակների դիահերձում չի կատարվել ու չի կատարվում, առավել ևս իրավունք ունենք մտածելու, որ բազմաթիվ դեպքերում, երբ մարդկանց մահվան պատճառը նոր կորոնավիրուսային հիվանդությունն է (COVID-19), նրանց մահվան պատճառը ներկայացվում է այլ հիվանդություն:

Բացի վերոնշյալից, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «Առանց դիահերձման ինչպե՞ս են որոշում, որ վարակակիրը մահացել է ոչ թե COVID-19-ի, այլ ուրիշ հիվանդության պատճառով» վերտառությամբ վերլուծականում, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը կարող է ունենալ COVID-19-ի պատճառով մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռություն: Ինչո՞ւ…

Հայաստանում մինչև հունիսի 30-ի ժամը 11-ը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, ՀՀ պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կոչվող կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, կազմում է 25 542, ինչն ահավոր բարձր ցուցանիշ է Հայաստանի պես սակավամարդ երկրի, մեր երկրի 2 956 900 բնակչության (2020թ. ապրիլի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համար:

Հայաստանի փաստացի բնակչությունը (այս պահին ՀՀ տարածքում ապրող) իրականում ավելի պակաս է, քանի որ վերոնշյալ 2 956 900-ի մեջ ընդգրկված են նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով գտնվում են արտերկրում: Սակայն եթե հաշվարկի համար հիմք ընդունենք ՀՀ բնակչության նույնիսկ վերոնշյալ քանակը` 2 956 900-ը, և այն բաժանենք ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակի այսօր հրապարակված թվի` 25 542-ի  վրա, կստացվի, որ Հայաստանի յուրաքանչյուր 116 բնակչի հաշվով մինչ այսօր ժամը 11-ը գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված 1 դեպք:

Իր այս ցուցանիշով Հայաստանն ինչպես նախկինում, այսօր էլ աշխարհի` նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող պետությունների շարքում է: Մի հանգամանք, որը չէր կարող ժխտել ու չի ժխտել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 26-ի խոստովանելով, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է: Համեմատության համար նշենք, որ Հայաստանն իր տվյալ ցուցանիշով գերազանցում է նույնիսկ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակի առումով աշխարհում 2-րդ տեղում գտնվող Բրազիլիային:

Բրազիլիայի բնակչությունը 2020թ., վերջին տվյալների համաձայն, կազմում է 217 533 537 մարդ, այսօր ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի կայքում ժամը 15:32-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրազիլիայում նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ վերոնշյալ պահը հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 1 368 195: Բրազիլիայի բնակչության քանակը բաժանելով այդ երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի վրա, ստանում ենք 158.99308, այսինքն` Բրազիլիայի յուրաքանչյուր 159 բնակչի հաշվով մինչ տվյալ պահը գրանցվել է COVID-19-ով 1 հիվանդ` այն դեպքում, երբ ՀՀ յուրաքանչյուր 116 բնակչի հաշվով է գրանցվել նոր կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Ստացվում է, որ Հայաստանում, բնակչության քանակի համեմատ, COVID-19-ով հիվանդացածության ցուցանիշը մոտ 1.4 անգամ գերազանցում է նույնիսկ Բրազիլիայի տվյալ ցուցանիշին:

Խոստովանելով, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, Արսեն Թորոսյանը, սակայն, որպես ի հակակշիռ SARS-CoV-2-ի և նոր կորոնավիրուսային հիվանդության առնչությամբ իր և, ընդհանրապես, ՀՀ իշխանության հանցավոր քաղաքականության վերոնշյալ հետևանքի, միաժամանակ ասել է, որ 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Ընդ որում, Արսեն Թորոսյանը սա ասել է` անդրադառնալով նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին, նաև հավելել` «Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ»։

Ահա նաև վերոնշյալը նկատի ունենալով ենք կարծում, որ Արսեն Թորոսյանը կարող է ունենալ COVID-19-ի պատճառով մահվան դեպքերն իրականից նվազ ներկայացնելու շահագրգռվածություն: Չէ՞ որ եթե 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ, կարելի է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, իշխանությունները թեև ձախողել են հիշյալ վարակի տարածման դեմ պայքարում, սակայն հաջողել են COVID-19-ի պատճառով մահվան դեմ պայքարում, քանի որ ունենք մահացության ցածր ցուցանիշ:

Ցա՞ծր… Մի շարք երկրների համեմատ, այո, ցածր, սակայն ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը պետք է համեմատել ոչ թե իրենց պայմաններով, առողջապահական համակարգի և բնակչության հետ կապված առանձնահատկություններով Հայաստանից խիստ տարբեր երկրների, այլ հետխորհրդային պետությունների, օրինակ, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի` COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշների հետ, իսկ երբ այս համեմատությունը կատարում ենք, պարզվում է, որ Հայաստանում բարձր է նաև մահացության ցուցանիշը:

Եթե Հայաստանի բնակչության քանակը (2 956 900) բաժանենք ՀՀ պարետատան կայքում հրապարակված այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թվի` 443-ի վրա, կստացվի 6674.7178, այսինքն` մինչև հունիսի 30-ի ժամը 11-ը ՀՀ յուրաքանչյուր 6675 բնակչից մեկն արդեն մահացել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից:

Росстат-ի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՌԴ բնակչությունը 2020թ. դեռ հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 146 748 590 մարդ: ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի COVID-19-ի վերաբերյալ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող հատուկ կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռուսաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի քանակը կազմում է 9306: ՌԴ բնակչության քանակը բաժանելով այս թվով, կստանանք 15 769.245, այսինքն` նշված պահի դրությամբ Ռուսաստանի յուրաքանչյուր 15 769 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով` այն դեպքում, երբ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցինք, յուրաքանչյուր 6675 բնակչից մեկը: Սա նշանակում է, որ Հայաստանում մահացության ցուցանիշը ՌԴ մահացության ցուցանիշի համեմատ մոտ 2.4 անգամ բարձր է:

Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Բելառուսի բնակչությունը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 408 400 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բելառուսում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերի քանակը 387-ն է: Բելառուսի բնակչության քանակը բաժանելով նշված թվով, կստանանք 24 311.111, այսինքն` նշված պահի դրությամբ Բելառուսի յուրաքանչյուր 24 311 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշն ավելի քան 3.6 անգամ բարձր է Բելառուսում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:

Ուկրաինայի բնակչությունը 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ, երբ ՀՀ բնակչության քանակը եղել է 2 956 900, կազմել է 41 830 600 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 1173-ն են: Ուկրաինայի բնակչության քանակը բաժանելով 1173-ով, կստանանք 35 661.211, այսինքն` նշված պահի դրությամբ Ուկրաինայի յուրաքանչյուր 35 611 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը մոտ 5.5 անգամ բարձր է Ուկրաինայում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:

Վրաստանի բնակչությունը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 3 756 564 մարդ: Ջոն Հոպկինսի համալսարանի նույն կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 15-ն են: Վրաստանի բնակչության քանակը բաժանելով 15-ով, կստանանք 250 437.6, այսինքն` Վրաստանի յուրաքանչյուր 250 437 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը մոտ 37 անգամ բարձր է Վրաստանում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:

Դեռ 2020թ. մարտի 1-ի դրությամբ Ադրբեջանի բնակչությունը կազմել է 10 079 300 մարդ: Հիշյալ համալսարանի նույն կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 206-ն են: Ադրբեջանի բնակչության քանակը բաժանելով 206-ով, կստանանք 48 928.641, այսինքն` Ադրբեջանի յուրաքանչյուր 48 928 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշն ավելի քան 7.3 անգամ բարձր է Ադրբեջանում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 26-ին ասել է նաև. «1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել»։

Փորձենք պարզել` արդյոք ճի՞շտ է ասել Արսեն Թորոսյանը, թե 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային: Այդ երկրի բնակչությունը, վերջին տեղեկությունների համաձայն, կազմում է 81 479 180 մարդ: Դարձյալ Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում հունիսի 30-ի ժամը 15:32-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գերմանիայում COVID-19-ի պատճառով մահվան դեպքերը 8979-ն են: Գերմանիայի բնակչության քանակը բաժանելով 8979-ով, կստանանք 9074.4159, այսինքն` Գերմանիայի յուրաքանչյուր 9074 բնակչից մեկն է մահացել COVID-19-ի պատճառով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշը մոտ 1.4 անգամ բարձր է Գերմանիայում COVID-19-ի պատճառով մահացության ցուցանիշից:

Ահա այսպիսի թվեր ու փաստեր, որոնք վկայում են ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման ու COVID-19-ի պատճառով մահացության չափազանց բարձր ցուցանիշների մասին, վարակի տարածման ու մահացության դեմ պայքարի գործում առողջապահության նախարարի, նախարարության, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու փաշինյանական իշխանության ակնհայտ ձախողման մասին, որի ահավոր հետևանքները ՀՀ բնակչությունն ամբողջ ծավալով դեռ նոր է զգալու:

Արթուր Հովհաննիսյան