Պուտինը, Էրդողանը և Ռոհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդիրը

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձևաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, Կրեմլը կարող է հավաստել այդ տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձևաչափով նախագահների գագաթնաժողովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը պլանավորված է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները: