ԱՀԿ-ն հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսային համավարակը թափ է հավաքում

Աշխարհում COVID-19 համավարակի տարածումը արագանում է, չնայած որոշ երկրներում իրավիճակի բարելավմանը: Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

«Որոշ երկրներում դեպքերը աճել են, երբ երկրները բացել են իրենց տնտեսությունը և վերադարձել են սոցիալական կյանքին: Մարդկանց մեծամասնությունը շարունակում է խոցելի մնալ վիրուսի դեմ: Այն դեռ տարածվելու տեղ ունի, մինչև հետ շրջվի: Դառն  իրականությունն այն է, որ իրավիճակը դեռ չի ավարտվել», – ասել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ հունիսի 30-ին կլրանա վեց ամիսը, ինչ կազմակերպությունն ստացել է Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման առաջին տվյալները:

Վեց ամիս անց աշխարհում վարակվածների թիվը անցել  է տասը միլիոնից, կես մլն մարդ  մահացել է, ավելացրել է նա:

Ավելի վաղ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել էր, որ աշխարհը մտել է համաճարակի նոր և վտանգավոր փուլ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ շատ մարդիկ «հոգնել են տանը նստելուց», մինչդեռ վիրուսը դեռ արագ տարածվում է և շարունակում է մնալ մահացու վտանգավոր: