80 կողմ, 1 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով նրանց կենսաթոշակի ապահովման նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ:

Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցմանը Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է  Սահմանադրությանը։

Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի առաջին առաջադրումը կատարվելու է Կառավարության, երկրորդը՝ Հանրապետության նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Ազգային ժողովը միաձայն ընդունեց նաև Սահմանադրական փոփոխությունները  հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 81 պատգամավոր:

Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: