Անգելա Մերկել. ԱՄՆ-ը այլևս անվերապահ համաշխարհային առաջնորդ չէ

Ի՞նչով է ապրում աշխարհը: Մինչ մենք մտածում ենք, թե ինչ անել երկրի և ազգի ներքին թշնամիների հետ, աշխարհը, պարզվում է, փորձում է «մարսել» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հայտարարությունները: Հունիսի 26-ին նա հարցազրույց է տվել անգլիական «The Guardian» թերթին և ասել, որ Եվրոպան պետք է լրջորեն վերաիմաստավորի վերահաս նոր իրականությունը, որում ԱՄՆ-ը այլևս չի կարող հավակնել անվերապահ համաշխարհային առաջնորդի դերը: Ըստ նրա՝ եվրոպացիների ժամանակակից սերունդը մեծացել է Միացյալ Նահանգների առաջատար համաշխարհային դերի գաղափարով, սակայն այժմ իրավիճակը փոխվում է: «Եթե ԱՄՆ-ը այժմ ուզում է ինքնակամ դադարեցնել այդ դերի կատարումը, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին»,- ասել է կանցլեր Մերկելը: Միևնույն ժամանակ, Մերկելը նույն հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ «կառուցողական երկխոսությունը» շարունակելու Գերմանիայի ձգտման մասին: Գերմանիան, ինչպես հայտնի է, ամբողջ Եվրամիության (ԵՄ) հիմնական «լոկոմոտիվն է» (տնտեսական իմաստով): Առանց գերմանական տնտեսության և եվրոպական արժույթի՝ եվրոյի, կայունացման ֆոնդին գերմանական ներդրման (80%), եվրոն ոչ միայն կփլուզվի, այլև ամբողջ ԵՄ-ը կինքնաոչնչանա:

Առավել ևս, որ Մեծ Բրիտանիան արդեն լքել է ԵՄ-ը, իսկ հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենը, ինչպես արդեն գրել էինք, փաստացի կոչ է արել լուծարել ԵՄ-ն ու տնտեսական և քաղաքական իմաստով ամբողջությամբ սնանկացած (նույնիսկ եթե կորոնավիրուսի պատճառով) այդ «միության» փոխարեն ստեղծել նոր «Անկախ պետությունների Եվրոպա»: Իհարկե, տիկին Լը Պենը Ֆրանսիայի նախագահը չէ, բայց Մերկելը սովոր է նայել Փարիզին և ուշադիր լսել, անգամ կանխատեսել, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում Ֆրանսիայում: Իսկ այդ տրամադրությունների մասին վերջերս հայտարարել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մենք հայտնել ենք նրա արտահայտության մասին. «Մենք չենք կարող ջայլամ լինել և չենք կարող ձևացնել, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի խնդիր չկա»: Սա Մակրոնի՝  «ՆԱՏՕ-ն կորցրել է բանականությունը», նախորդ հայտարարության ճշտության ապացույցն էր…

Եվ ահա կանցլեր Մերկելի դաժան և անսպասելի նախազգուշացումը. Եվրոպա, ձեռքով արա, հրաժեշտ տուր ԱՄՆ-ին, մանավանդ որ Ամերիկան ​​ինքն է ուզում հրաժարվել «աշխարհի անվերապահ առաջնորդի» դերից: Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ընկերոջ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ բազմակի սերտ շփումները, ըստ երևույթին, ապարդյուն չէին Գերմանիայի կառավարության ղեկավարի համար: Պատկերացրեք, թե ինչպիսի խուճապ է այժմ հասունանում Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում (օրինակ՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Լատվիայում, Ուկրաինայում և այլն), որոնք բացահայտորեն ապավինում էին այն փաստին, որ «ամբողջ մոլորակը ԱՄՆ-ն է»:

Ոչ, Մերկելի խոսքերը չեն նշանակում, որ Միացյալ Նահանգների վերջը Եվրոպայում լինելու է 2020 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. ի վերջո, Գերմանիան շարունակում է մնալ օկուպացված երկիր: Միայն խորհրդային զորքերն էին, որոնք լքել են իրենց օկուպացիոն գոտին` նախկին ԳԴՀ-ն: Իսկ ամերիկա-բրիտանական զորքերը շարունակում են օկուպացնել Գերմանիան: Այդ պատճառով Մերկելը նույն հարցազրույցում հայտարարել է ռազմական ոլորտում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ լիակատար համերաշխության մասին: Եվ, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գերմանիայում ամերիկյան զորքերի քանակը 35 հազարից կրճատել մինչև 25 հազար ծրագրերը, ֆրաու կանցլերը խոստացել է, որ Բեռլինը, ինչպես դա պահանջում է Վաշինգտոնը, ավելի մեծ միջոցներ է տրամադրելու պաշտպանական ծախսերի համար: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում միշտ չէ, որ համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքում դաշնակիցների շահերին: «Գերմանիայում ԱՄՆ զորքերը օգնում են պաշտպանել ոչ միայն Գերմանիան և ՆԱՏՕ-ի եվրոպական մասը, այլև ԱՄՆ-ի շահերը», – նշել է Մերկելը: Նա ճիշտ է. օկուպացված երկրի գաուլյայտերը (օկուպանտ- զավթիչների տեղապահ) իրավունք չունի բացահայտ կոչ անել. «Yankee, go home!» – «Յանկի՛ներ, գնացեք տուն»: Այնուամենայնիվ, երկիրը, նույնիսկ եթե օկուպացված է, բայց որից այսօր կախված է Եվրամիության լինել-չլինելը, զգուշորեն հասկացրել է Եվրոպային. պատրաստ եղեք առանց ԱՄՆ-ի և առանց ամերիկյան «աջակցության ծրագրերի» գոյատևելուն:

Սերգեյ Շաքարյանց