Հետախուզությունն անվստահելի է համարել թալիբների հետ Ռուսաստանի «դավադրության» մասին տվյալները. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հետախուզությունը իրեն զեկուցել է, որ թալիբների հետ Ռուսաստանի ենթադրյալ դավադրության մասին տեղեկությունները հավաստի չեն:

«Հետախուզությունը հենց նոր ինձ հայտնեց, որ այդ տեղեկությունը հավաստի չի համարում, ուստի (նրանք) դա չեն հաղորդել ինձ և (փոխնախագահ) Մայք Փենսին: Միգուցե սա մեկ այլ խաբեություն է՝ կապված  Ռուսաստանի հետ, գուցե «New York Times»-ը կեղծ լուրերով ցանկանում է վատ լույսի ներքո ներկայացնել հանրապետականներին», – գրել է Թրամփը «Թվիթերում»:

Ավելի վաղ Սպիտակ տունը թերթի գրությունն անվանել էր անճիշտ, նշելով, որ հետախուզությունը չի հաղորդել Թրամփին Ռուսաստանի և թալիբների հնարավոր դավադրության մասին: Ինքը՝ Թրամփը, այն անվանել է «հերթական պատվեր», ինչպես նաև հայտարարել է, որ ոչ փոխնախագահը, ոչ Սպիտակ տան ապարատի ղեկավարը իրեն չեն հայտնել «Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա այսպես կոչված ռուսական գրոհների մասին»:

Ուրբաթ օրը «The New York Times»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն հետախուզության աշխատակիցներին, հոդված է հրապարակել, ըստ որի, ռուսական ռազմական հետախուզությունը, իբր, պարգևատրում է առաջարկում թալիբներին առնչվող զինյալներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակման համար: Ոչ մի ապացույց չի ներկայացվել:

Դրանից հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց դիվանագետների դեմ սպառնալիքների մասին: Արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հրապարակումը որակեց  որպես կեղծիք:

Ավելի ուշ «Թալիբան»-ը հերքել է պնդումները, թե իբր միջոցներ է ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության կողմից՝ Աֆղանստանում հարձակումներ իրականացնելու համար: