ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ, իմ գործընկերների, հարազատների հետ ապրում է. Նաիրա Զոհրաբյան

124 քննիչներ հանված են իրենց այլ գործերից և կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել իմ այն համոզմունքը, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ»,-հավելեց պատգամավորը:

Նա նշեց, թե իր ու ԲՀԿ-ի հարյուրավոր համակիրների, կողմնակիցների շարունակում են հրավիրել տարբեր քննչական, հետախուզական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը:
«Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին՝ հայտնի ռեժիսորի: Նա օրերս ուղիղ եթերով տեսել է, որ ինձ ԱԱԾ-ի դիմաց պառկեցրել են ասֆալտին, որպես ընկեր մոտեցել է: Իրեն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք՝ Երևանի ավագանու ընտրության ժամանակ նա ասե՞լ է՝ պլակատ բռնեք: Նկատի են ունեցել՝ հայտնի մտավորականին գումար ենք տվել, որ պլակատ բռնի:
ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ, իմ գործընկերների, հարազատների հետ ապրում է»,-ասաց Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով իր վրա այդքան ռեսուրս չծախսել:
«Ընկած մարդիկ են ման գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017-ի ընտրությունների ժամանակ մեզանից ինչ-որ մեկը ինչ-որ կերպ շահագրգռել է ՀՀ որևէ քաղաքացու՝ ընտրակաշառքով»,-ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ եթե ԱԱԾ-ն կգտնի որևէ անձի, որը փաստարկված հայտարարություն կանի, որ Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել, կամ խոստացել է և ասել՝ ձայն բերի իրեն կամ իր կուսակցությանը, պատրաստ է ընդունել, որ ԱԱԾ-ն ճիշտ էր, ինքը՝ սխալ:
«Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար՝ գումարի դիմաց»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորմանն ու նրա պաշտպանի այն պնդմանը, որ կալանավորումը պայմանավորված է նրանով, որ նախկին պատգամավորից Գագիկ Ծառուկյանի դեմ արժեքավոր ցուցմունք կորզվի, Զոհրաբյանն արձագանքեց՝ միանշանակ. «Այլ կարծիք լինել չի կարող: Նպատակը մեկն է՝ փորձել Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել՝ տվել է փող, ասել՝ կգնաք ձայն կգնեք, չի կարող լինել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն ակտիվ համագործակցում է քաղաքական, հասարակական ուժերի հետ, և իրականությանը չեն համապատասխաոնւմ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն այս կամ այն գործչի հետ խնդիրներ ունի:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմումին՝ Զոհրաբյանը նշեց, թե ըստ ՍԴ մասին օրենքի՝ 20 օրվա ընթացքում կորոշվի՝ իրենց դիմումը վարույթ ընդունվո՞ւմ է, թե մերժվում: