Բժիշկները՝ COVID-19-ի պատվաստանյութը փորձարկած մասնակիցների առողջական վիճակի մասին

Կամավորները, որոնց վրա փորձարկվել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը, առողջական բացասական հետևանքներ չեն ունեցել: Այս մասին հայտնում է «Կրասնայա Զվեզդա» թերթը:

«Մենք պարբերաբար անցկացնում ենք բժշկական հետազոտություն առաջին և երկրորդ խմբերի կամավորների նկատմամբ, որոնք ստացել են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Նրանք իրենց լավ են զգում, բողոքներ չկան: Ջերմաստիճանը, արյան ճնշումը, զարկերակը, շնչառության մակարդակը նորմայի սահմաններում են: Որևէ անցանկալի հետևանք պատվաստումից հետո մինչև հիմա չի նկատվել,- ասել է Բուրդենկոյի հսպիտալի մասնաճյուղի անեսթեզոլոգ և վերակենդանացման մասնագետ Օլեգ Չիխլաևը:

Նրա խոսքով՝ կամավորները հետագայում կանցնեն կլինիկական և կենսաքիմիական արյան հետազոտություններ, ինչպես նաև կստուգվի կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայությունը:

Փորձի երկու մասնակիցներ հրապարակմանը հայտնել են, որ պատվաստումից հետո նրանց ինքնազգացողությունը չի փոխվել:

Կամավորների առաջին խումբը պատվաստանյութը ստացել է հունիսի 18-ին: Պատվաստանյութի մեկ բաղադրիչ  տրվել է ինը կամավորներին, ևս ինին տրվել է երկրորդ բաղադրիչը: Հինգ օր անց պատվաստանյութը փորձարկվել է ևս 20 մասնակիցների նկատմամբ: Այս խումբը դեղանյութը կստանա խթանող տարբերակով. երեք շաբաթվա ընթացքում ցուցումների համաձայն կտրվի պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը: Կլինիկական փորձարկումները նախատեսվում է ավարտել հուլիսի վերջին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են անհայտ թոքաբորբի բռնկման մասին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուս է, ավելի ուշ վարակը պաշտոնապես անվանվել է COVID-19: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի մասին:

Ջոն Հոփկինսի համալսարանից ստացված վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 063 319-ի, մահացել է 500 108 հիվանդ:

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 634 հազար դեպք: Ապաքինվել է ավելի քան 399 հազար հիվանդ: