Դուբայում ապրող բրիտանացի աշխատանքային միգրանտները վաճառում են ունեցվածքն ու վերադառնում Մեծ Բրիտանիա

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող բրիտանացի աշխատանքային միգրանտները սկսել են վաճառել իրենց ունեցվածքն ու Մեծ Բրիտանիա վերադառնալ: Գրել է «Անադոլու» գործակալությունը:

Պատճառն այն է, որ նրանցից շատերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը, քանի որ ստեղծված իրավիճակը ծանր հարված է հասցրել ԱՄԷ տնտեսությանը, և չնայած սահմանափակումների աստիճանական թուլացմանը, տնտեսության վերականգնումը, ըստ գնահատականների, մի քանի տարի կտևի:

Նրանց մեծ մասը վաճառում է նաև ավտոմեքենաներն ու անգամ՝ սպորտային ակումբների բաժանորդագրությունը, իսկ մինչև կկարողանան Դուբայից Մեծ Բրիտանիա վերադառնալ, փորձում են տեղում ինչ-որ կերպ իրենց ապրուստը վաստակել:

Օքսֆորդի համալսարանի հետազոտության համաձայն՝ Միացյալ Էմիրություններում 900 հազար մարդ զրկվել է աշխատանքից, ընդ որում՝ բրիտանացի միգրանտներն ամենաշատը տուժածներից են: