L’Oreal-ը իր մաշկի խնամքի միջոցների նկարագրությունից կհեռացնի «սպիտակ» և «բաց երանգ» բառերը

Ֆրանսիական L’Oreal ընկերությունը իր մաշկի խնամքի միջոցների նկարագրությունից կհեռացնի «սպիտակ» և «բաց երանգ» բառերը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը:

Ավելի վաղ, նման որոշում էր կայացրել Unilever-ը: Իսկ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը Ասիայում և Մերձավոր Արևելքում ամբողջությամբ դադարեցրել է քսուքների վաճառքը, որոնք մաշկին բաց երանգ են հաղորդում:

«L’Oreal Group-ը հասկանում է արդարացված անհանգստությունը արտադրանքները մաշկի տոնայնությունը նկարագրելու համար օգտագործված բառերի վերաբերյալ, և որոշել է հանել բոլոր արտադրանքներից սպիտակ / սպիտակեցում, բաց երանգ / գունաբացող բառերը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Black Lives Matter շարժման բողոքների հենքին PepsiCo-ին պատկանող Quaker Oats ընկերությունը հայտարարել էր իր որոշումը՝ փոխելու նրբաբլիթ թխելու խառնուրդի և «Մորաքույր Ջեմայմա» թխկու օշարակի ապրանքանիշի անվանումը և արտաքին տեսքը: Ընկերությունը խոստովանել է, որ «Մորաքույր Ջեմայմա» ծագումը «հիմնված է ռասայական կարծրատիպի վրա» և խոստացել է փոխել ապրանքանիշը՝ որպես ռասայական հավասարության ճանապարհին իր աշխատանքի մի մաս: 131-ամյա ապրանքանիշի պատկերանշանի վրա պատկերված է աֆրոամերիկացի մի կին, որի դիմանկարը, ըստ New York Times- ի, սևամորթ նախկին ստրուկի դիմանկար է: