Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը իրականից պակաս է ներկայացվում

Այս հետևությունը կարելի է կատարել` ծանոթանալով Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կոչվող կայքում, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից COVID-19-ով հիվանդների մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը: Թե ինչու է պակաս ներկայացվում, կարող են տարբեր բացատրություններ լինել, որոնցից մեկն էլ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու գործում ՀՀ իշխսնությունների հանցավոր քաղաքականության ողբերգական հետևանքները հնարավորինս նվազ թվերով, սքողված ներկայացնելն է:

Հայտնի չէ լայն հանրությանը, բայց մասնագետները գիտեն, որ մարդը նոր կորոնավիրուսից (SARS-CoV-2), սեզոնային գրիպի վիրուսից, խոզի գրիպի կամ թռչնագրիպի վիրուսից, ժանտախտի վիրուսից և, ընդհանրապես, ցանկացած վիրուսից անմիջականորեն չի մահանում, մահանում է վիրուսի առաջացրած հիվանդության կամ ունեցած հիվանդության բարդանալու հետևանքով, մասնավորապես` թոքերի, սրտանոթային համակարգի ախտահարման, երիկամային անբավարարության հետևանքով և այլն:

Ապրիլի 28-ին պարետատան հիշյալ կայքում հայտնվեց հետևյալ տեղեկատվությունը. «Ընդհանուր առմամբ,  կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Հետագայում նմանաբնույթ տեղեկությունները թե պարետատան հիշյալ կայքում, թե ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրկնվեցին: Վերոնշյալ կայքում հրապարակված վերջին, այսինքն` այսօր ժամը 11-ի դրությամբ հրապարակված տեղեկատվության համաձայն, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք, արձանագրվել է մահվան 13 դեպք, «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է»:

Նախ, սկսենք նրանից, որ ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունում, այնպես էլ պարետատան հիշյալ կայքում աշխատանքի ընդունվածների թվում կան «դառմայեդներ», որոնք ծայրաստիճան անփույթ են վերաբերվում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը և հրապարակում է իրականությանը չհամապատասխանող, իրենց իսկ կողմից ավելի վաղ հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը հակասող թվեր: Սա մեր կողմից հայտնաբերված և հավուր պատշաճի արձանագրված փաստ է: Իրականում «այդպիսի դեպքերի» ընդհանուր թիվը ոչ թե 130-ն է, այլ շատ ավելին: Համապատասխան թվերով, փաստերով, հիմնավորումներով այս պնդմանը կանդրադառնանք առաջիկայում:

Երկրորդ. ՀՀ պարետատան և առողջապահության նախարարության կողմից նույնիսկ նույն օրվա (հենց այսօրվա` հունիսի 26-ի) նույն ժամի (11-ի) դրությամբ հրապարակված թվերն են հակասում իրար. ըստ ՀՀ առողջապահության նախարարության, այլ պատճառով մահվան ելքերի ընդհանուր թիվը 131-ն է, ըստ պարետատան` 130-ը:

Բացառված չէ, որ վերոնշյալ, մեղմ ասած, ապատեղեկատվությունը ոչ թե «դառմայեդության» հետևանք է, այլ միտումնավորության դրսևորում, որպես հանրությունը կամ նրա մի մասը կորցնի իր հավատը, վստահությունը պաշտոնական տեղեկատվության արժանահավատության նկատմամբ, և այլևս դրան չհավատալով, չզգուշանա իսկապես շատ վտանգավոր տվյալ վարակից, չպահպանի հակահամաճարակային կանոնները և այդպիսով տեղիք տա COVID-19 դեպքերի ու դրա հետանքով մահացածների քանակի հետագա աճի, ինչը նոր կորոնավիրուսը ստեղծած աշխարհի ստվերային կառավարիչների միջանկյալ նպատակն է` իրենց պատվաստանյութով մարդկության քանակի կրճատմանը նպատակաուղղված համընդհանուր պատվաստումների ծրագիրն իրականություն դարձնելու համար:

Ի վերջո, անդրադառնանք այն հարցին, թե այդ ինչի՞ հիման վրա և ինչպե՞ս են որոշում, թե նախորդ օրն արձանագրված մահվան 4, 5, 9 և այլն (տարբեր օրերի տարբեր թվեր են հրապարակվում) դեպքերի պարագայում, թեև պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ի՞նչ հիվանդությունների մասին է խոսքը, որոնց հետևանքով մահացել են SARS-CoV-2-ով վարակված այդ անձինք:

Թե՛ ՀՀ պարետատան, թե՛ առողջապահության նախարարության կողմից ամեն օր հրապարակվող վերոնշյալ պաշտոնական տեղեկություններում վերոնշյալի մասին որևէ խոսք չկա, մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, որևէ մեկը նոր կորոնավիրուսից անմիջականորեն չի մահանում, մահանում են դրա հետևանքով թոքերի ախտահարումից (թոքերում թրոմբների առաջացում, թոքաբորբ), սրտանոթային համակարգի ախտահարումից, երիկամային անբավարարությունից և այլն: Ինչպե՞ս են որոշում, որ մեկը մահացել է COVID-19-ի հետևանքով տվյալ օրգաններից կամ համակարգերից մեկնումեկի կամ մեկից ավելիի ախտահարման հետևանքով, իսկ մյուսը, թեև նոր կորոնավիրուսով վարակված է եղել, սակայն մահացել է այլ հիվանդության հետևանքով… Այդպես կարող է լինել այն դեպքում, երբ մարդն, ասենք, 4-րդ փուլում գտնվող ուղեղի քաղցկեղ ունի կամ լեյկոզ, բայց վերոնշյալ ավելի քան 131 դեպքում մահացածները 4-րդ փուլում գտնվող քաղցկե՞ղ են ունեցել, երբ մահը, անկախ նոր կորոնավիրուսով վարակված լինել- չլինելու հանգամանքից, կարելի է ասել գրեթե անխուսափելի էր… Չի՛ կարող այդպիսի մեծ թվով համընկնում լինել, հետևաբար այս կապակցությամբ սպասում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանմանը:

Իհարկե, մենք այլ հիմք էլ ունենք` եզրակացնելու, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածների քանակն իրականում ավելին է կամ, առնվազն, կարող է ավելին լինել պաշտոնապես ներկայացվածի համեմատ, սակայն դրան առաջիկայում կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան