«11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում և Ադրբեջանում կորոնավիրուսի արագացված փոխանցումը հանգեցրել է վարակման դեպքերի զգալի ավելացմանը». ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումները չեղարկելուց հետո ամիսների ընթացքում առաջին անգամ Եվրոպայում շաբաթական մասշտաբով վարակման դեպքերի աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Անրի Կլյուգեն հայտարարել է, որ 11 երկրում, այդ թվում Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում վիրուսի արագացված փոխանցումը հանգեցրել է վարակման դեպքերի «զգալի վերսկսմանը»:

Կլյուգեի խոսքով՝ վարակման դեպքերի վերսկսման վերաբերյալ իր զգուշացումներն իրականություն են դարձել:

ԱՀԿ-ի հսկողության տակ գտնվող Եվրոպական տարածաշրջանում, որը ներառում է 54 երկիր և 7 տարածք Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, ըստ կազմակերպության տվյալների, գրանցվել է վարակման ավելի քան 2,6 միլիոն և մահվան 195 000 դեպք:

Օրական մասշտաբով գրանցվում է վարակման շուրջ 20 000 և մահվան 700 դեպք:

«Մի քանի շաբաթների ընթացքում ես խոսում էի վերսկսման վտանգի մասին, քանի որ երկրները փոփոխում էին սահմանափակումները: Եվրոպայի մի քանի երկրներում դա իրականություն է դարձել, 30 երկրում վերջին երկու շաբաթների ընթացքում աճել է նոր դեպքերի թիվը: Այդ երկրներից 11-ում փոխանցման արագությունը հանգեցրել է զգալի վերսկսման, որը եթե չկանգնեցնենք, կրկին առողջապահական համակարգերը կհայտնվեն վտանգավոր սահմանագծին»,-ասել է Կլյուգեն:

Պաշտոնյայի նշած 11 երկրներն են` Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն:

Կլյուգեի խոսքով, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Իսրայելը, Գերմանիան և Իսպանիան, կարողացել են արագ արձագանքել նոր բռնկմանը՝ կապված դպրոցների, սննդի կետերի հետ, և կարողացել են այն հսկողության տակ վերցնել արագ միջամտությունների միջոցով:

Պաշտոնյան նշել է նաև, որ արդեն պետք է սկսել պատրաստվել աշնանը, երբ կորոնավիրուսը կմիանա սեզոնային գրիպին, թոքաբորբին և այլ հիվանդությունների: