Իմ մեղքով չէ, որ իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար: Այսօրվանից կմասնակցեմ նիստերի: Այս մասին այսօր ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց դեռևս մեկ տարի առաջ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է նիստերին չմասնակցելուն և աշխատավարձ ստանալուն՝ Վահե Գրիգորյանն ասաց.  «Անցած մեկ տարվա ընթացքում ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել երկու պատճառով. առաջին, որ ՍԴ կազմի սահմանադրականությունը հարցի տակ էր, և երկրորդ՝ ՍԴ-ն ուներ դեմոկրատական լեգիտիմության էական բաց:

Դիտարկմանը, թե արդարացի է, որ աշխատավարձ է ստացել այդ ընթացքում, Գրիգորյանն ասաց. «Իմ մեղքով չէ, որ իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել։ Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակն իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով՝ պետք է ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»,- նշեց նա։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չսպասեց ՍԴ իր նշած ճգնաժամի ավարտին, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը մտել է այդ դաշտ, որ ճգնաժամը լուծելու գործում իր ներդրումն ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում