2019-ի հունիսի 20-ից մինչ այսօր սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց է՝ բազմաթիվ արարներով․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Այն, ինչ տեղի է ունեցել 2019-ի հունիսի 20-ից մինչ այսօր, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց է՝ բազմաթիվ արարներով: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այս վերջին արարը՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշումը, ամենակոպիտն ու ամենաերևացողն էր: «Մենք տեսանք, որ հանրապետության վարչապետն իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք և ի լուր աշխարհի իր ֆեյսբուքյան էջով հայտարարում է, թե այս պահին սա է գործում, նա է գործում»,-ընդգծել է նա:

Իավապաշտպանի խոսքով ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց ստանալ մի քանի հարցերի պատասխաններ.

«Այն բոլորիս հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք՝ արդյոք գործ ունե՞նք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարևորում, թե՞ մարդկանց հետ, որոնք իրավական արժեքները պատրաստ են ոտնատակ տալ՝ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով: Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյոք մենք ունե՞նք հանրապետության գլուխ՝ նախագահ, թե՞ ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել ,Արտուշ պապիկե: Արդյոք ունե՞նք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե՞ միայն մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուս ընդդիմադիր ուժին կարելի է համարել «Իմ քայլը» դաշինքի առանձին, ներքին ֆրակցիա»,- նշել է Մելիքյանը:

«Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն և իսկապես ուժի մեջ են մտել, այտեղ մենք լուրջ խնդիր ունենք կիրառության հետ, որովհետև մենք ունենք ՍԴ մասին օրենք, որտեղ շարունակում է գործել այն կանոնը, որին մենք ծանոթ ենք»,-հավելել է նա:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Այս նախագիծը մասնագիտական շրջանակների կողմից որակվել է որպես օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։