Համլետ Գևորգյանի ամբողջ կյանքը մեծ նվիրում էր ազատագրված ու միացյալ Հայաստան ունենալու գաղափարին. ՊՆ

Կյանքի 69-րդ տարում մահացել է մեծ հայրենասեր, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: Պաշտպանության նախարարությունը այդ կապակցությամբ գրել է. «Անուրանալի է Համլետ Գևորգյանի վաստակը  որպես պատմաբան և որպես Արցախյան ազատագրական պայքարի մասնակից (1988-1990 թթ.): Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր ազատագրված ու միացյալ Հայաստան ունենալու գաղափարին։ Նրա շնորհիվ հայ ազատագրական պայքարի շատ մարտիկներ առավել համապարփակ ներկայացան հանրությանը, դարձան ավելի ճանաչելի և սիրված:

Համլետ Գևորգյանն իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Համլետ Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար»: