Ղազախստանի նախագահն աշխատանքից ազատել է կորոնավիրուսով վարակված առողջապահության նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Ելժան Բիրտանովին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Բիրտանովն այժմ բուժում է անցնում կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Բիրտանովը հունիսի 14-ին տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով ուղարկվել է վարակաբանական հիվանդանոց` ստացիոնար բուժման:

«Պետության ղեկավարի հրամանով Ելժան Բիրտանովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար է նշանակվել Ալեքսեյ Ցոյը, որը մինչ այս նախարարի առաջին տեղակալն էր: