Ռոսավիացիան առաջարկել է վերսկսել միջազգային թռիչքներն ԱՊՀ երկրներից

Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն առաջարկել է ռուսական իշխանություններին փուլային վերականգնել միջազգային ավիահաղորդակցությունը՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Դեպի այլ երկրներ թռիչքներ սկսելը նախատեսվում է՝ պայմանավորված տվյալ երկրի համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միևնույն ժամանակ, ավիաընկերությունների պատասխանատուները նշում են, որ ԱՊՀ երկրների հետ հաղորդակցությունների բացումը էապես չի ազդի ավիաընկերությունների եկամուտների վրա. ամեն դեպքում ամռանը նրանց համար շահութաբեր չի լինի։

Փորձագետները Ուզբեկստանը և Տաջիկստանը համարում են առավել հեռանկարային ուղղություններ, քանի որ այդ երկրներից շատ աշխատանքային միգրանտներ կան Ռուսաստանում։ Տուրիստական Վրաստանը ԱՊՀ անդամ չէ 2008 թվականից, իսկ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019-ի ամռանից ի վեր:

Ինչպես ընդգծել է ավիաընկերությունների ներկայացուցիչներից մեկը, Ներադկոյի կառավարությանը ուղղված դիմումը դժվար թե հանգեցնի անմիջական արդյունքի, քանի որ Ռոսավիացիան չի կարող որոշում կայացնել օդային ծառայության բացման մասին:

Փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակում Եվրոպա թռիչքների վերսկսումը ավելի տրամաբանական կլիներ, քանի որ այնտեղ կորոնավիրուսների դեպքերը զգալիորեն նվազել են:

Այնուամենայնիվ, համոզվածություն չկա, որ եվրոպական երկրները մոտ ժամանակներում կհամաձայնեն ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին, որն այս պահին շարունակում է մնալ առաջատարներից մեկը վարակակիրների քանակի առումով։

«Այս տարի միջազգային թռիչքների բացման վերաբերյալ որոշում կայացնող կենտրոնները գտնվելու են երկրի սահմաններից դուրս», – ասել է Infomost-ի ղեկավար Բորիս Ռիբակը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ միջազգային հաղորդակցությունը, ամենայն հավանականությամբ, փակ կմնա մինչև ամառվա վերջ կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված: