Եթե խուզարկությունը եղել է փետրվարին, ապա ինչո՞ւ պատշաճ քննություն չի եղել. վարչապետի անդրադարձը ԲՀԿ առաջնորդի փաստաթղթերին վերաբերող խուզարկությանը

Վարչապետն ԱԺ-ում անդրադարձավ հարցին, որ եթե խուզարկությունը եղել է փետրվարին, ապա ինչո՞ւ պատշաճ քննություն չի եղել: Խոսքը ԲՀԿ առաջնորդի փաստաթղթերին վերաբերող խուզարկության մասին էր:

«Ես էլ եմ դա ասում, և էդ հարցը պետք է պարզաբանվի և պարզաբանվել է, որի արդյունքում է, որ կայացվել են կոնկրետ որոշումներ, տարիուկես էլ ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով չի քննում կոռուպցիոն և հարակից գործերը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության քննադատություններին, որոնք վերաբերում էին կապիտալ ծախսերի չկատարմանը: Նա ասաց.

«Կապիտալ ծախսերի մասին, որ խոսում եք, ինձ թվում է՝ ես եմ խոսում: Կներեք, սկսել եք կապիտալ ծախսերի մասին հարցերով խոսել իմ հրապարակային ելույթներից հետո, ճիշտ եք ասում: Գալիս են, մրցույթ են հաղթում, մի միլիոնանոց գործը 30 հազարով հաղթում են, հետո անորակ են անում, ինչո՞ւ պետք է ընդունենք անորակ գործը, կատարման դեմը գրվում է զրո, բայց ես ուզում եմ անդրադառնալ 2019-ի ամենաչկատարվածին. դա կոռուպցիոն գումարների վերադարձն է:

Առաջին հերթին անվտանգության ոլորտի հետ առնչություն ունի, որովհետև ասել եմ, որ առաջիկա տարիներին պետք է մեկուկես-երկու միլիարդ դոլար դնենք ԶՈՒ անվտանգության բարձրացման վրա, և դրանք պետք է գոյանան կոռումպացված գումարների վերադարձից: Էս ամեն ինչի մեջ ուրիշ բան մի՛ փնտրեք, հիմքը սա է, կոռուպցիոն համակարգը ամենաշատը սիրում է փողը, և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք է ընդունվել, որը կսկսի կիրառվել, կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով, բայց կան իրավական բնույթի պրոբլեմներ, որոնք պետք է սկսենք լուծել, օրինակ՝ փողերի լվացման հոդվածի հետ կապված գոյություն ունեն ամբողջ աշխարհում, դատական պրակտիկա է փոխվում, որ այս ուղղություններով գործերը առաջ գնան, և հիմա իրենք ձևը գտել են, ուզում են մեզ ներքաշել անիմաստ խոսակցության մեջ»: