Ղարաբաղյան բանակցությունների ընթացքում քննարկվում է մի քանի հարց․ Մարկեդոնով

«Այն, ինչ տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին՝ հասկանալի ու հայտնի է»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտությունը փուլային կարգավորելու մասին հայտնի հայտարարություններին։

Մարկեդոնովն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանին, հասկանալի ու հայտնի է։

Նրա վստահեցմամբ, քննարկվում են մի քանի հարցեր՝ ԼՂ կարգավիճակի հարցը, հարակից շրջանների ու անվտանգության հարցը, փախստականների հարցը։

«Հիմքը ևս հայտնի է՝ թարմացված Մադրիդյան սկզբունքներ, որոնք 2007 թվականին հայտնվեցին, 2009-ին հրապարակվեցին, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրների պաշտոնական կայքերում։ Ես գիտեմ, որ շատ հայ լրագրողներ ասում են, թե Լավրովի խոսքերում սենսացիա կա, երբ նա խոսեց փուլային կարգավորման մասին, իսկ ես կասեմ, որ դրանում ոչ մի սենսացիոն բան չկա։ Նայեք Լավրովի ելույթները 2-3 տարի առաջ, այդ տերմինաբանությունն օգտագործվել է, դա կարելի է ստուգել։ Փուլայնություն կա նաև թարմացված Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը քննարկում է, պարզապես այստեղ կա նրբություն, որ փուլայնությունը չի նշանակում՝ կտրուկ երկփուլայնություն, այսինքն՝ սկզբից մենք հեռանում ենք շրջաններից, իսկ հետո ինչ-որ մի անհայտ փուլում կդառնանք Ղարաբաղի կարգավիճակին։ Խոսվում է այն մասին, որ շրջանների հարցը պետք է կապվի կարգավիճակի հարցին, այսինքն՝ այս հարցերը պետք է սինխրոն ընթանան, որպեսզի կարգավիճակի հարցը չհետաձգվի անորոշ ժամանակով։

Ակնհայտ է, որ շրջանների ազատումը ռիսկերի և անվտանգության խնդիրների հետ կապ ունի։ Այս հարցերն էլ քննարկվում են։ Կա մեծ ռիսկ, երբ հայկական ուժերը հեռանան յոթ շրջաններից, կարող է լինել հակամարտության սրում, դրանից խուսափելու համար դրվում է կարգավիճակի հարցը, որը երկրորդական հարց չէ, այլ հավասարազոր շրջանների հարցին։

Նույնը վերաբերում է նաև հանրաքվեի անցկացմանը, դա ներառված է թարմացված Մադրիդյան սկզբունքներում, որպես իրավաբանորեն պարտադիր, բայց Ադրբեջանի համար նման բանը մի փոքր ռիսկային է, իսկ գուցե քվեարկեն Ադրբեջանի կազմից դուրս տարբերակի օգտի՞ն։ Սա է մոտավոր շրջանակը հարցերի, ուստի փուլայնությունն այսօր կամ երեկ չի հայտնվել։

Հարցն այն է, թե ինչպես ենք մեկնաբանում այդ փուլայնությունը։ Թարմացված սկզբունքներում Հայաստանն ու Ղարաբաղը կապող միջանցքի հարցը խնդրահարույց է, կան չհստակեցված հանգամանքներ, որքան է դրա լայնությունը, դա միայն Լաչի՞նն է ամբողջությամբ, թե՞ նաև Քարվաճառը, որը ջրային ռեսուրս է Ղարաբաղի համար։ Այս նրբությունները բանակցությունների ընթացքում այն կետերն են, որոնց շուրջ կողմերը չեն համաձայնում»,- ասաց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ բանակցությունները շատ բարդ են ընթանում։

Դրանք, ըստ նրա, ոչ այնքան բովանդակային բանակցություններ են, որքան կոնֆլիկտային մենեջմենթային՝ արձագանքել իրավիճակին, փորձել պակասեցնել ռիսկերը։

Սերգեյ Մարկեդոնովն այն կարծիքին է, որ այս բանակցությունների ողջ ընթացքում կողմերին առաջարկվել է այն, ինչ հնարավոր է եղել։ «25 տարի ոչինչ չեն որոշել և հանկարծ 26-րդ տարում կորոշե՞ն վերջնականապես։ Նման հարցերը երկար են տևում, բանակցային գործընթացը կարող է ևս 10 տարի շարունակվել, հասկանո՞ւմ եք, եթե ոչ ավելի։ Չկա որևէ նախադրյալ այնպիսի լուծման համար, որը կլինի փոխզիջումային, այսինքն՝ ես չեմ տեսնում։ Իսկ երբ Մոսկվային փորձում են մեղադրել, որ նա փորձում է արագացնել լուծումը, ապա դա Մոսկվայի շահերի շրջանակում չէ, խոսքը արագության, հապճեպության մասին է, որը պետք չէ։ Ռուսական կողմը ստատուս-քվոյի կողմնակիցն է, քանի որ կողմնակից է, որպեսզի բոլոր հարցերը քննարկվեն, համաձայնություն ձեռք բերվի, քան հետո արագության պատճառով իրավիճակը վատթարանա։ Մենք տեսել ենք, թե շտապողականությունը նույն Մերձավոր Արևելքում ինչպիսի ոչ այնքան դրական հետևանքների է հանգեցրել։ Ուստի ինձ թվում է, որ 10 տարի բանակցությունն ավելի լավ է, քան մեկ ամիս պատերազմը»,- ասաց Մարկեդոնովը։