Բացակայել է ախտահանիչ հեղուկը, տաքսիների վարորդները եղել են առանց դիմակի. ՔՏՀԱՏՄ-ի դիտարկումը Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են Ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։
Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին, Տեսչական մարմնի մասնագետներն այնուամենայնիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։