Ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է. Խաժակյանը՝ իրեն առնչվող քրգործի մասին

Իշխանությունն ուզում է քաղաքական ճնշումներ գործադրել, և հիմա էլ դա անում է ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ: Ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող է լինել, որը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին Ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Նա, երևում է՝ շատ է նեղվել հատկապես վերջին դեպքից հետո, երբ իր քավորի և քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպերից հետո պարզվեց, որ իրենց ազգականի կատարած գործողություններում կա որոշակի քրեական հանցակազմ, և հիմա ինձ ասում են՝ քեզ ամիսներ շարունակ հետևել ենք, և ինչ-որ բան այն չես արել: Ես ուզում եմ հասկանալ՝ իշխանությունն այդ ինչքան է անհանգստացած իր վիճակով, որ այսպիսի բաների է դիմում»,-ասաց Խաժակյանը:

Նա նշեց, թե գործը, որի շրջանակում ինքը հրավիրվել է ցուցմունք տալու, վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն օրենքով ամրակցված ավտոմեքենային: «Մեքենայի վարորդին վաղ առավոտյան տնից տարել են Քրեական վարչություն, հետագայում՝ նաև կնոջն են հրավիրել, և հրավերի բնույթն այն է եղել, թե վարորդը ֆիկտիվ է գրանցված»,-ասաց Խաժակյանը՝ նշելով, թե ոստիկաններն ակնկալել են, որ կպարզվեր՝ գրանցված վարորդի փոխարեն այլ մարդ է գումար ստանում:

«Հաշվի առնելով, թե ինչ գործի մասին է խոսքը, և ինչ են փորձում ինձ մեղսագրել, ես հասկանում եմ, որ այս իշխանությունները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած և ավագանու ընդդիմադիր անդամին, ով, ի դեպ, նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամ է, Հայաստանից պատվիրակ, փորձում են ճնշման ենթարկել: Վարորդին հարցնում են՝ ինչ հաճախականությամբ է գնում աշխատանքի, և պարզվում է՝ ինձ ամիսներ շարունակ իմ մեքենայի մեջ, վարելուց նկարահանել են, որքան հասկանում եմ՝ նաև ձայնագրել են խոսակցությունները, ինչ-որ բան են բռնել և ուզում են դրանով որոշակի ճնշում գործադրել»,-ասաց ավագանու անդամը:

Վերջինս ընդգծեց՝ որևէ մտահոգություն չունի, ավելին՝ մտածել է, թե անգամ քրեական գործ չի հարուցվի, քանի որ հիմք չկա: «Այն էլ պարզվեց՝ գործը հարուցվել է, ներգրավյալներ կան, արդեն հարցաքննվել են: Ընդ որում, հետաքրքրական է, որ ինձ ծանուցագիր են տվել, բայց վարորդին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, վաղ առավոտյան բերել են Քրեական վարչություն»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին տրամադրված ավտոմեքենան էլ ինքն է վարում, սակայն դրան ուշադրություն չեն դարձրել:

Ինչ վերաբերում է երկրորդ քրեական գործին, Խաժակյանն ասաց, թե դեռևս որևէ պաշտոնական բան չգիտի, բայց ենթադրում է, որ դա կարող է կապված լինել օրեր առաջ ԱԱԾ-ի դիմաց հավաքի հետ:

Խաժակյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն իր պայքարի մեթոդներում որևէ սահմանագիծ չունի՝ լինի անձնական, ընտանեկան: «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես երբևէ մտայնություն չեմ ունեցել, թե Հայաստանում քաղաքական հետապնդումները դադադրել են, ես մշտապես իմ հաղորդակցությունննեորւմ եղել եմ զգուշավոր, թեև չեմ կատարել որևէ արարք, որը որևէ առնչություն կարող է ունենալ Քրեական օրենսգքրի որևէ հոդվածի հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այս օրերին, երբ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու համար, ինչո՞ւ պետք է հենց այս պարագայում նման գործ հարուցվեր, երբ «Լուսավոր Հայաստանը» կայացրել է իշխանությանը ձեռնտու որոշում, Խաժակյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստանը» չի կարող գործել Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքական այլ գործչի շահերից: Ես չեմ պատկերացնում, որ որևէ հաջորդ իշխանություն կլինի այնքան մանրախնդիր, ինչքան Նիկոլ Փաշինյանն է, որովհետև այսպիսի մոտեցումով գործերն առաջ տանելը, ընդդիմադիրներին լռեցնել փորձելը պարզապես ծիծաղելի է»: