Հայաստանի բնակչությունը վերջապես երջանիկ կլինի, կամ՝ Հրայր Թովմասյանի ձիով քայլը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հունիսի 22-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան և նույն օրվա ընթացքում միայն իշխանական թիմով, առանց ընդդիմության մասնակցության, ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անմիջապես մասնագետներն արձանագրեցին՝ նախագծով ներկայացվող փոփոխությունները հակասահմանադրական են, բացի դրանից՝ խախտվեց նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու Սահմանադրության և սահմանադրական օրենքների իմպերատիվ պահանջը: Ալեքսանդր Կոչուբաևը ևս փաստեց, որ այո, գործ ունենք օրինախախտման հետ, որը տեղի է ունեցել օրենքի ընդունման ընթացակարգերի մեջ, այսինքն՝ խախտվել է ընթացակարգը, որով ներկայացված նախագիծը կարող էր օրենքի ուժ ստանալ։ Մասնավորապես, այն չի ներկայացվել Սահմանադրական դատարան։ Մինչդեռ օրենքի օրինական լինելու կամ չլինելու մասին հնարավոր չէ գնահատականներ տալ, քանի որ դա պետք է աներ Սահմանադրական դատարանը։

Ի դեպ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնել է, որ վարչական դատարանում կբողոքարկի Ազգային ժողովի ընդունած այն օրենքները, որոնք ընդունվել են առանց ՍԴ պարտադիր եզրակացության: Բանն այն է, որ եթե Թովմասյանն ու մյուս դատավորները չգնան Վարչական դատարան և կատարեն հակասահմանադրական օրենքները, այսինքն՝ համաձայնեն իրենց տուն ուղարկելու օրենքի դրույթի հետ, նշանակում է՝ նրանք օրինազանց են և ենթական կլինեն քրեական հետապնդման, քանզի ապօրինի օրենքի կատարումը հանցագործություն է համարվում:

Ալեքսանդր Կոչուբաևը կարծում է, որ ամեն դեպքում մինչև օրենքն ամբողջությամբ գործարկվի, ՍԴ-ն կհասցնի Ռոբերտ Քոչարյանի գործով նշանակած նիստն անցկացնել։

Փաստաբանը խոսեց նաև Վենետիկի հանձնաժողովի արձագանքի և այդ արձագանքը շրջանցելու պատճառով Հայաստանի համաշխարհային վարկանիշի անկման մասին։ Անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմության քայլերին՝ նշելով, որ այս պահին ԲՀԿ խմբակցությանն ընդամենը մեկ ձայն է պակասում՝ ՍԴ դիմելու և օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։ Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր տեղեկացրեց, որ միայն հուլիսի 7-ին կհստակեցնեն իրենց քայլերը և կասեն՝ միանալո՞ւ են արդյոք ստորագրահավաքին, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում